Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այցելել ենք «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից «ԱԲ գործարան»՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։ Տվյալային կենտրոնը կօգտագործի ջրային հովացման փակ համակարգ, որը լիցքավորվելու է մեկ անգամ և օգտագործվում է մի քանի տարի շարունակ՝ ապահովելով բարձր էներգաարդյունավետություն և հուսալի աշխատանք։

Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր ԱԲ տվյալային կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։