ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, նեղվելով ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու ձգտումներից, շարունակում է տարբեր պաշտոնյաների շուրթերով սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին: Այս անգամ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել, թե ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, իրենք կկասեցնեն կամ կչեղարկեն գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։
«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք՝ մինչ այդ նմանատիպ սպառնալիքներ էին հնչեցրել նաև մի շարք այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: