«Եթե փորձեն լկտիաբար
հաղթանակը տանել մեզնից, ստանալու են հեղափոխություն»։ Այս մտքի հեղինակը կռահեք՝ ով
է։ Կռահեցի՞ք. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաթաթան էլ տվել է նախօրեին՝ Վայքում,
իր մի խումբ աջակիցների հետ ունեցած դահլիճային հանդիպման ժամանակ։ Ժամանակին, երբ ինքը նախագահ էր, ու օրվա
ընդդիմությունն էր հայտարարում իրեն նախագահի աթոռից հեռացնելու՝ հեղափոխություն անելու
մասին, Քոչարյանը կասկածում էր նման հաթաթաներով իր հետ խոսողների խիզախության վրա՝
հեգնելով. «Ինձ հետաքրքիր է, մի հատ հարց տվեք՝ ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում
անի Հայաստանում»։ Հեղաշրջում Հայաստանում իր օրոք տեղի չունեցավ, բայց այ, նրա հաջորդի
օրոք տեղի ունեցավ հեղափոխություն, ինքը՝ Քոչարյանն էլ, վերջապես արժանացավ իրեն արժանի
կարգավիճակին՝ իշխանության համը բերանը մնացածի։ Այդ կարգավիճակում գտնվելու հանգամանքը,
փաստորեն, ստիպել է Քոչարյանին ինքնահայեցման դիմել՝ իրեն նույնացնելով այն տղամարդու
հետ, որի տղամարդկությանը ժամանակին կասկածում էր՝ որպես հեղաշրջում անելու կարող մարդ։
Փաստորեն, Քոչարյանի կողմից այդքան տարի փնտրված ու չգտնված տղամարդը գտնվել է՝ այդ
տղամարդը ինքն է որ կա, բայց այ, հեղափոխություն կամ հեղաշրջում անելու նրա ունակությունների
վրա կասկածում ենք։ Ինչ վերաբերում է հաղթելուն,
ապա պետք է հիասթափեցնենք նախկին նախագահին,
քանի որ, ինչպես սոցհարցումներն ու ժողովրդի տրամադրություններն են ցույց տալիս, նրա
գլխավորած դաշինքը «հաղթանակ» բառի անգամ առաջին՝ «հ» տառը արտաբերելու հույս չպետք
է փայփայի, քանի որ, ըստ նույն սոցհարցումների տվյալների, դաշինքին բաժին է ընկնելու
հաղթանակի հականիշը՝ պարտությունը, ընդ որում՝ խայտառակ։ Ընդամենը օրերս Միջազգային
հանրապետական ինստիտուտի հրապարակած՝ նախքան քարոզարշավն իրականացված սոցհարցման տվյալներով՝
Քոչարյանի «Հայաստան» դաշինքն ունի 3 տոկոս հանրային աջակցություն, իսկ դաշինքի՝ խորհրդարան
անցնելու շեմը, հիշեցնենք, 8 տոկոսն է։ Հետևապես
Քոչարյանից ու նրա քաղաքական «եգաններից»՝ ՀՅԴ-ից ու «Առաջ աջակենտրոն»-ից, հնարավոր չէ խլել, ընդ որում՝ լկտիաբար, մի բան,
որը նրանց չի պատկանում՝ ընտրություններում տարվելիք հաղթանակը։ Նախկին նախագահն, արդ,
անհանգստանալու, հիմիկվանից, ինչպես ժողովուրդն է ասում՝ տղամարդլամիշ լինելու կարիք
չունի, քանի որ նրան չի սպառնում հեղափոխություն անելու հեռանկարը։ Թեթև բնույթի հետընտրական խժդժություններ հրահրել՝ գուցե, բայց հեղափոխությո՜ւն․․․
հազիվ թե կարողանա անել մինչև քոք, քոքից էլ անդին մաշված սուբյեկտը։
Այն, որ նախկին նախագահն ու «հաղթանակ» բառը՝ ընտրություններում
տարած կամ տանելիք հաղթանակի իմաստով, օրգանապես անհամատեղելի են, ապացուցվել է ոչ
մեկ անգամ նրա՝ ՀՀ նախագահ լինելու ամբողջ ժամկետում. ասվածի վկայությունը
համապետական ընտրությունների արդյունքների վիճարկումներն ու հետընտրական զարգացումներն
են, ինչպես, օրինակ, 1998-ին, 2004-ին։ Նկատենք՝ Քոչարյանը Հայաստանի անկախացումից
ի վեր առաջին և առայժմ միակ նախագահն է, որին չի հաջողվել հաղթանակ գրանցել ընտրությունների
առաջին փուլում: Երկրորդ փուլում էլ, ինչպես և առաջին փուլի ժամանակ, օգնության են հասել տոտալ ընտրակեղծիքները՝ քվեատուփերի
լցոնումներից մինչև քվեների հաշվարկի ժամանակ կիրառված թվանկարչություն։ Սա մենք չենք
ասում, այլ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Ժողովրդավարական
հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը, որն
իր՝ 1998-ի նախագահի ընտրություններին վերաբերող եզրափակիչ
զեկույցում արձանագրել է՝ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին,
անցել են համատարած ընտրախախտումների, այդ թվում՝ լցոնումների, ընտրողների ահաբեկման,
ընտրատեղամասերում և քվեների հաշվարկման սենյակներում չլիազորված անձանց ներկայության
պայմաններում։ Նույն այլանդակ պատկերը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն արձանագրել էր նաև 2003-ի նախագահական
ընտրությունների ժամանակ։
Այսօր կառավարող ուժին հեղափոխությամբ սպառնացող Քոչարյանին հիշեցնենք,
որ 2003-ի՝ տոտալ կեղծիքի պայմաններում անցած ընտրություններից հետո երբ ընդդիմադիր
քաղաքական ուժերը բողոքի ցույցեր սկսեցին, Քոչարյանը գործի դրեց ռեպրեսիայի մեքենան՝
2004 թվականի ապրիլի 13-ին ոստիկանությունը շրջապատեց Բաղրամյան պողոտայում հավաքված
և Քոչարյանի հրաժարականը պահանջող շուրջ 3000 ցուցարարներին և, անհամաչափ ուժ կիրառելով,
ցրեց բազմությունը: Ականատեսների վկայություններով՝ ոստիկանությունը գործի էր դրել
ոչ միայն ջրցան մեքենաներ ու լուսաձայնային նռնակներ, այլև մահակներով ծեծում էր ցուցարարներին,
կիրառում էլեկտրաշոկեր։ Շոկ առաջացավ շատերի
մոտ այդ օրերի դեպքերը հիշելիս, այդպես չէ՞։
1998-ին Կարեն Դեմիրճյանի հաղթանակի, 2003-ին էլ նրա որդու՝ Ստեփան
Դեմիրճյանի հաղթանակի գողին հիշեցնենք, որ 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից
հետո էլ արյան մեջ ու դուբինկաների միջոցով խեղդեց համաժողովրդական ընդվզումը՝ Լևոն
Տեր-Պետրոսյանից գողացված հաղթանակը բաշխելով իր հետնորդին՝ Սերժ Սարգսյանին։ Հա, ի
դեպ, հեղափոխություն բառը լսեցինք, հիշեցինք՝
2021-ի ԱԺ ընտրություններից մեկ ամիս առաջ՝
մայիսի 9-ին, հիշո՞ւմ եք՝ ինչ էր ազդարարում Քոչարյանը։ Այո, իր ղեկավարած դաշինքի
հաղթանակի մասին՝ առաջարկելով միացնել գործող իշխանության հեռացման հաշվարկի ժամացույցը։ Թե ինչով ավարտվեց այս հուզիչ
պատմությունը՝ հայտնի է բոլորին։ Բոլորին հայտնի
պատմություններից մի «հեղափոխության» պատմություն էլ հիշեցնենք՝ 2022-ին տեղի ունեցած
«Դիմադրության» շարժումը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ շարժման ժամանակ
էլ, հիշո՞ւմ եք, Իշխան Սաղաթելյանը մի գլուխ հիշում էր Քոչարյանի միացրած ժամացույցի
մասին ու հույս տալիս իրենց խելքին ընկածներին՝ Փաշինյանի օրերը հաշված են։ Հաշվեցին,
հաշվեցին, եկան-հասան մինչև 2024-ի «սրբազան շարժման» օրեր։ Հիշում եք, մի բարձրաստիճան
հոգևորական էր դուրս եկել սեփական հոտի կողմից ընտրված վարչապետի դեմ սրբազան պայքարի։
Մեկը, որի նապառնիկները Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ գործող «Հայաստան» դաշինքի պատգամավորներն
էին՝ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանը։
Այդ հոգևորականը նույնպես հաշվում էր Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրերը։
Հաշվեց, հաշվեց, այնքան, մինչև որ հայտնվեց կալանավայրում, ու այժմ, համոզված ենք,
ստիպված է հաշվել այն տարիները, որոնք, որպես ազատազրկում, նախատեսված են իրեն մեղսագրվող արարքը կատարելու
համար։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին,
նշենք, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը,
իշխանության յուրացումը հոդվածներով։ Եվ ուրեմն, եթե կա մի սուբյեկտ, որի դեմ Քոչարյանը
պետք է հեղափոխություն կամ հեղաշրջում անի, դա հենց ինքն է։ Քոչարյանն, այո, ոչ թե
ընտրապայքարին մասնակցելու, այլ ինքն իր դեմ հեղափոխություն անելու կարիք ունի՝ ինքզինքը
հեռացնելով քաղաքական դաշտից։ Այ դա կլինի իսկական հաղթանակ, որը, համոզված ենք, ոչ
ոք նրա ձեռքից չի խլելու։
Հ․Գ․ Նկատենք, որ վերոհիշյալ հայտարարությունն անելիս Քոչարյանը
մի պահ մոռացել էր, որ պետք է մտնի PR-շիկների կողմից իր համար մտածված նոր՝ մարդասերի,
գթասիրտի կերպարի մեջ ու ընդունել էր դեմքի ֆիրմեննի արտահայտությունը, որն ի հայտ
է գալիս, երբ Քոչարյանի ներսում եռում են չարությունն ու ոխերիմությունը, ինչի հետևանքով
նրա բերանի եզրերը կախ են ընկնում, իսկ պարանոցի երակները՝ պրկվում։ Դեմքի այսպիսի
արտահայտություն, նկատենք, «վոյին» մականունը ստացած Քոչարյանն իր պաշտոնավարման շրջանում
հաճախ է ընդունել, մասնավորապես՝ այն պահերին, երբ արտահայտվել է իր հրաժարականը պահանջող ընդդիմադիրների մասին։ Մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից
մեկ օր առաջ՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, երբ խոսում էր իր համբերության
չափի մասին, և բուն մարտի 1-ին, մասնավորապես՝ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ
հրամանագրի մասին հայտարարելուց րոպեներ առաջ։
Հեղինե Մանուկյան