Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն:
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է տեքստը, այն ներկայացնում ենք ստորև՝
«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝
- Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ:
- Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:
- Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում:
- Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար:
- Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը:
- Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Բաժին I. Գործընկերության սկզբունքները
Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա.
- Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
- Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։
- Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը:
- Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
- Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ և դրանից դուրս:
- Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ:
- 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար:
- ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար:
- Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։
- Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:
Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։
- Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։
- Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույնենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույնհանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները:
- Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։
- Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը և նորարարությունը խրախուսող կարգավորումների շրջանակները թվային տնտեսությունում, այդ թվում՝ տվյալների անդրսահմանային վստահելի հոսքերի միջոցով, որոնք կդյուրացնեն էլեկտրոնային առևտուրը, թվային ֆինանսական ծառայությունները, տեխնոլոգիական գործարարությունը՝ միաժամանակ աշխատելով բարելավել Հայաստանի հասանելիությունը թվային վճարման հարթակներին և խթանելով երկկողմ առևտուրը ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի աճող տեխնոլոգիական ոլորտի ներուժը երկու երկրներում նորարարությունն ու տնտեսական աճը խթանելու հարցում։
- Ընդունելով տիեզերական ոլորտի զարգացման կարևորությունը որպես ազգային անվտանգության, տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի հենասյուն, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել իրենց համագործակցությունը «Արտեմիսյան արձանագրություններից» անդին ընդլայնելու հնարավորությունները՝ ներառելու առավել ռազմավարական և շոշափելի նախաձեռնություններ։ Քաղաքացիական տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել քննարկումներ ապագա Արտեմիս առաքելությունների շրջանակներում հավանական «CubeSat» հնարավորությունների մասին կամ «NASA»-ի լուսնային կայանում Հայաստանի հնարավոր ներդրումների վերաբերյալ: Առևտրային տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել համատեղ առևտրային նախագծեր՝ երկրագնդի հետազոտության և արբանյակային կապիոլորտներում:
- ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակներին համահունչ՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել վստահելի, հուսալի և անվտանգ տիզերքային հիմքով իներնետ կապի շուրջ առավել խորը համագործակցությունը:
Բաժին 3. Պաշտպանություն և անվտանգություն
Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
- Գիտակցելով համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը, որն ուղղված է, սակայն չի սահմանափակվում, «Օտարերկրյա ռազմական վաճառքներ» ծրագրի միջոցով Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաև հայկական զինված ուժերում հնարավոր ներդրումներին՝ մասնագիտական ռազմական կրթության ու վերապատրաստման դասընթացներին, ներառյալ՝ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրին, մասնակցելու միջոցով։ Այս նպատակով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները մտադիր են անցկացնել երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ։
- Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը համաշխարհային անվտանգությունում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում գործողություններին աջակցող ուժերի տեղակայումը:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
- Միացյալ Նահանգները նաև խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
- Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածումից բխող սպառնալիքները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակադրված են իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ՝ միջազգային չտարածման չափանիշների հարգման, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և այդ վերահսկողության ուժեղացված կիրարկման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աշխատել Հայաստանի սահմանապահ զորքերի, Պետական եկամուտների կոմիտեի և այլ պատկան մարմինների հետ։
- Հաշվի առնելով ուժեղ/ամուր սահմանների կարևորությունը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաջողելուն նպաստելու համատեղ շահագրգռվածությունը, Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով։
- Գիտակցելով կառավարությանը, ժողովրդավարական ինստիտուտների, բիզնեսի, կարևորագույնենթակառուցվածքի և հանրության դեմ ուղղված չարամիտ կիբեռդերակատարների կողմից տևական և ընդհանուր, ինչպես նաև խառնածին սպառնալիքները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են շարունակել կանոնավոր խորհրդակցությունները գոյություն ունեցող և ի հայտ եկող կիբեռսպառնալիքների վերաբերյալ՝ Հայաստանի ընդհանուր կիբեռդիմակայունությունը և անվտանգությունը բարելավելու, այդ թվում՝ առաջանցիկ տեխնիկական աջակցության միջոցով, որը կարող է ներառել նման մարտահրավերները կանխարգելելու և դրանց արձագանքելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համագործակցել ապօրինի ֆինանսական հոսքերի կանխարգելման ուղղությամբ։
- Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել փոխգործակցել Հայաստանի հետ՝ վերազգային կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների միջոցով։
- Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել վերազգային ընդհանուր սպառնալիքները` ինչպիսիք են ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, փողերի լվացումը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի շրջանառությունը և մարդկանց թրաֆիքինգը հասցեագրելու նպատակով, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների տրամադրման միջոցով։
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։
Բաժին 4: Ազատության ամրապնդում, արտաքին չարամիտ քարոզչության հակազդում և պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ
Ճանաչելով Հայաստանի՝ մինչ օրս ունեցած նշանակալի ձեռքբերումները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել ազատության և անաչառ լրատվության և տեղեկատվության հասանելիության խթանման ուղղությամբ, ներառյալ՝ արտաքին չարամիտ քարոզչությանը հակազդելու նպատակով:
- Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի, ինչպես նաև միգրացիայի այլ բացասական հետևանքների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացմանը:
Բաժին 5: Մարդկանց միջև շփումների, մշակութային և գիտական փոխանակումների խթանում, մշակութային ժառանգության պահպանություն
Հայաստանը և Միացյալ Նահանգները կիսում են տնտեսական բարգավաճմանն ու նորարարությանը նպաստելու նպատակով մեր մարդկանց միջև շփումները խթանելու և գիտական, կրթական ու մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ցանկությունը:
- Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև շփումների ավելացման կարևորությունը՝ երկու կողմերը նախատեսում են խթանել հետագա կրթական և մասնագիտական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագրերը, ԲրիջԱՄՆ-ն, Միջազգային այցելուների առաջնորդական ծրագիրը, ամերիկյան անգլերենի դասավանդման և ուսուցման ծրագրերը, սպորտային դիվանագիտությունը և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև դյուրացնել ակադեմիական փոխանակումները և ակադեմիական որակավորումների փոխադարձ ճանաչումը՝ ըստ նպատակահարմարության: Կողմերը մտադիր են նաև ուսումնասիրել տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առաջնահերթ ոլորտներում որակյալ աշխատուժ զարգացնելունպատակով:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համատեղ ակադեմիական և հետազոտական փոխգործակցությունները (այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ երկպետական գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ուղղությամբ՝ աջակցելու նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը:
- Ընդգծելով նորարարության և դինամիզմի անհրաժեշտությունը մեր երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը:
- Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները:
- Հայաստան և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության համատեղ նախաձեռնությունները:
Բաժին 6: Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացում
Սույն Կանոնադրության դրույթների իրականացման նպատակով ձևավորվում է Համապարփակ ռազմավարական գործընկերության հանձնաժողով»: