«Հայաստանը կմասնակցի առաջիկա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին»։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը մասնակցում է նախընտրական քարոզարշավին:
«Այո՛, կմասնակցի»,- նշել է նա։
Գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 28-29-ը Աստանայում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գծով առաջիկա միջոցառումներին։
Մինչ այդ էլ ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ գագաթնաժողովին անձամբ չմասնակցելու որոշումը ցույց է տալիս, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։ Նա նաև նշել էր, որ միջոցառման ընթացքում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։
Նշենք՝ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների՝ միջոցառմանը ՀՀ-ից մեկնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: