Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր
հերթական բացահայտումն է արել, համաձայն որի՝ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք
քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով՝ ՌԴ-ում բիզնես
գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ
անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով մասնակցել ԱԺ ընտրություններին
և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։
Բացի դրանից, ձայնագրության մեջ
խոսվում է հետևյալի մասին. «ՌԴ-ից, կոնկրետ Մոսկվայից ասում են, որ հանկարծ եթե Նիկոլն
անցնի էլ, պերեվառոտ ա լինելու»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։
Ինչպես նշեց պատգամավորը, իր
համար այլևս ակնհայտ է, որ ընդդիմությունը չի դիտարկում իրենց հաղթանակի որևէ սցենար,
ակնհայտ է, որ բոլոր հարցումներով ընդդիմությունը այս պահին խորհրդարան անցնելու շեմը
հաղթահարելու հարց է լուծում։
«Եվ ինձ համար բնավ նորություն
չէ, որ ընդդիմությունը պատրաստ է օգտագործել իշխանություն վերցնելու բոլոր՝ նաև հակասահմանադրական
մեթոդները։ Իսկ իրականում ինչի մասին է իշխանություն վերցնելը. սա ժողովրդին բանի տեղ
չդնելու մասին է։ Այսինքն՝ ժողովրդին իշխանության աղբյուր չդիտարկելու մասին է, ինչը
բնավ նորություն չէ ո՛չ Սամվել Կարապետյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի համար: Գագիկ Ծառուկյանը
նույնպես աչքի է ընկել ընտրակաշառքի դեպքերով, մարտի 1-ի դեպքերին հստակ ներգրավվածության
մասին փաստող որոշ դրվագներով, որոնք հասանելի նյութեր են։ Այս մարդիկ փորձում են հերթական
անգամ իշխանության գալ՝ առանց իշխանության, ժողովրդին բանի տեղ դնելու»,- ասաց պատգամավորը։
Նա քաղաքացիներին հորդորում է
ընտրություններին նայել հենց այս դիտանկյունից. արդյոք իրենք գիտակցո՞ւմ են, որ քվե
տալով այս ուժերին՝ պարզապես դադարելու են ՀՀ-ում իշխանություն լինել։
Խոսելով վերջերս Հակակոռուպցիոն
կոմիտեի բացահայտած՝ վարչապետին սպառնացող տեսանյութի մասին՝ Սոնա Ղազարյանն ասաց, որ սա ընդդիմությանը բնորոշ ձեռագիր է՝ այն
գիտակցմամբ, որ իրենք ժողովրդի վրա կրակած մարդիկ են, իրենք ժողովրդին՝ իրենց խաղաղ
ցույց անելու իրավունքի ժամանակ սպանած քաղաքական իշխանություններ են, և ինքը բացարձակ
զարմացած չէ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան