ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի շուրջ բանակցություններում արձանագրվել
է «նշանակալի առաջընթաց», և աշխարհը «առաջիկա մի քանի ժամում կարող է լավ լուրեր ստանալ»։
Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների
հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն և տարածաշրջանային
գործընկերները առաջընթաց են գրանցել Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ
քննարկումներում։
«Ես իսկապես կարծում եմ, որ, հնարավոր է, առաջիկա մի քանի ժամում
աշխարհը լավ լուրեր ստանա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ ձեռք բերված առաջընթացը դեռ վերջնական չէ, սակայն բանակցություններն
ընթանում են դրական ուղղությամբ։
Ռուբիոն կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի՝ Իրանը երբեք
չպետք է ունենա միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա միջազգային նավագնացության
համար՝ առանց Թեհրանի կողմից սահմանափակումների կամ վճարների։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվող հնարավոր համաձայնությունը
կարող է վերաբերել Հորմուզի նեղուցի վերաբացմանը, հրադադարի երկարաձգմանը և Իրանի միջուկային
ծրագրի շուրջ նոր պայմանավորվածություններին։