Դատախազը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար

2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:


Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ: Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: