ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դիրք հանձնելու մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ա. Ա.-ն մայիսի 21-ին «Ֆեյսբուք»-ում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա. Ա.-ի և այդ անձի հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, որը մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կազմակերպած հավաքին, որտեղ հանդիպել է Ա. Ա.-ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհապատասխանող տեղեկություններ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: