Սամվել Կարապետյանի՝ «շկաֆում պահված սկիլետը»

 «Ինսայդեր» պարբերականի բացահայտումը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես ասում են, «շկաֆում պահված սկիլետի»՝ «մութ անցյալի» մասին, անշուշտ, ցնցող էր, բայց՝ ոչ շոկ հարուցող։


Մեր լավատեղյակ աղբյուրներից մեկը դեռ մեկ տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը դեռ չէր ազդարարել քաղաքականություն մտնելու իր որոշման մասին, հայտնել էր, որ ռուսաստանցի բիզնեսմենը ոչ միայն ՖՍԲ-ի աշխատակից է, այլև «պագոնավոր», հանգամանք, որը կարևոր դեր է խաղացել նրա բիզնես հաջողության համար։


Երբ դատարանի բակում Սամվել Կարապետյանին լրագրողը մի քանի անգամ կրկնեց հարցը՝  արդյոք եղե՞լ է ՖՍԲ-ի աշխատակից, Կարապետյանը հերքելու փոխարեն  որոշեց հարցը նախ ցրել՝ դրան ծիծաղով արձագանքելով, ապաև, չունենալով համոզիչ հերքում, խորհուրդ տվեց՝ «շան տեղ մի դրեք»։ 


Նման պատասխան ու ռեակցիա տալիս են այն դեպքում, երբ հարցադրումը անակնկալի է բերում հարցվողին, ու ժամանակ շահելու համար փրկության են հասնում ծիծաղն ու տարածված ինֆորմացիայի հանդեպ անվստահություն առաջացնելը։  


Շոկի թեման շարունակելով՝ ասենք՝ այո, շոկային է, երբ ընտրապայքարի մեջ է մտնում մեկը, որը կապ ունի (հայտնի չէ՝ արդյոք այժմ է՞լ է շարունակում կապ ունենալ) օտար երկրի հատուկ ծառայությունների հետ։ Գուցե այդ հանգամա՞նքն է հիմք հանդիսացել, որ նրան ՌԴ-ն ուղարկի ՀՀ՝ որպես վստահելի անձ, ու մտցնի Նիկոլ Փաշինյանի դեմ անողոք ընտրապայքարում՝ զոհաբերելով իր վերջին «զինվորին»։  Գուցե ՖՍԲ-շնիկ լինելու հանգամանքո՞վ էր պայմանավորված ՌԴ նախագահի, այսպես ասած,  «դոշ տալը», որ Նիկոլ Փաշինյանը թույլ տա  իր կոլեգային մասնակցել ընտրապայքարին։


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտեց ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցած մեկ այլ գործակալի՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որը, պարզվեց,  80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Ներսիսյանն էլ, ի դեպ, հերքել է իր մասին ՀՀ ԱԱԾ-ի բացահայտումը։  Բա հո չէ՞ր  հաստատելու։  Շոկայինը, այո, հոգևորականի վեղար կրող անձի՝ հատուկ ծառայությունների հետ գործակցելու մասին բացահայտումն էր։


 Պատահակա՞ն է արդյոք, որ Եզրաս արքեպիսկոպոսը, վերջինիս եղբայրը՝ ՀՀ կաթողիկոս, գահը զբաղեցնող Գարեգին Բ-ն, ու Սամվել Կարապետյանը այսպես կապված են «եկեղեցասիրական սիրով»։ Հազիվ թե։


Ի դեպ, տարիներ առաջ Սամվել Կարապետյանը  Մոսկվայում հայկական եկեղեցու շինաշխատանքների մասին խոսելիս  այսպես էր արտահայտվել Եզրաս Ներսիսյանի մասին՝ «Բազմապրոֆիլ, լավ մարդ»։


Էստեղ են ասել՝ «նմանն զնմանին գտանէ»։  Եզրաս արքեպիսկոպոսին, ի դեպ, Պուտինը մեկ տարվա մեջ՝ 2025 թվականին, 2 անգամ պարգև էր շնորհել՝ Նևսկու շքանշան։  Ինչպիսի սիրառատություն։ 2022-ին էլ  ՌԴ նախագահը Պատվո շքանշան էր շնորհել Գարեգին Բ-ին։ Այսպիսի երախտագիտական  վերաբերմունքը Ներսիսյան եղբայրների ու նրանց սիրելի, պաշտելի օլիգարխ Սամվել Սարգիսիչի հանդեպ, ընդունեք, հենց այնպես լինել չի կարող։