The Insider-ը ծավալուն հետաքննութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:
Հոդվածի թարգմանության երկրորդ հատվածը ներկայացնում ենք ստորև:
ՌԴ թեկնածուներ. մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված Այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ նրա և Պուտինի միջև լեզվակռիվ եղավ։ Պուտինը առաջարկեց, որ ռուսամետ ուժերին թույլատրվի մասնակցել ընտրություններին։ Փաշինյանը հակադարձեց, որ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, առավել ևս՝ վարչապետ նշանակել օտարերկրյա անձնագիր ունեցող մեկին։ Պուտինը չհիշատակեց նրա անունը, բայց բոլորը հասկացան, որ նա նկատի ուներ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որը հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքը և մտադիր է դառնալ վարչապետ, եթե հաղթի։

Նա ներկայումս կալանքի տակ է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման համար։ Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում և իր բիզնես կարիերան սկսել է էմալապատ իրերի վաճառքով։ 1990-ականների սկզբին նա տեղափոխվել է Կալուգա և դարձել Ռուսաստանի քաղաքացի։ «Տաշիր» ապրանքանիշի ներքո քաղաքում բացվել են խանութներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և աղյուսի գործարան։ Այնուհետև նա տեղափոխվել է Մոսկվա և ի վերջո դարձել մայրաքաղաքի տասը խոշորագույն շինարարներից և կառուցապատողներից մեկը։ Ավելին՝ «Տաշիրը» «Գազպրոմի» խոշոր կապալառուներից մեկն է, իսկ Կարապետյանն ինքը «Ֆորա Բանկի» բաժնետոմսերի 71.29 %-ի սեփականատերը (բանկը 2024 թվականի նոյեմբերին ընդգրկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում)։

Կարապետյանի անձնական կարողությունը ներկայումս գնահատվում է 4.1 միլիարդ դոլար, և նա խոստացել է մի քանի միլիոն ներդնել «Ուժեղ Հայաստանի» առաջխաղացման համար։ Անցյալ տարվա հունիսին վարչապետ Փաշինյանը պահանջեց Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Բ-ի հրաժարականը այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա երեխա ունի և այդպիսով խախտել է կուսակրոնության իր ուխտը։
Կարապետյանը վճռականորեն պաշտպանեց կաթողիկոսին և խոստացավ ամբողջ ուժով պայքարել «անաստված» կառավարության դեմ։ Շուտով միլիարդատիրոջ տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց։ «Սամվելը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ. նրա գործը պաշտոնյաների և անվտանգության ուժերի հետ կապեր հաստատելը և գումար վաստակելն է։ Նա երբեք չի մերժել Կրեմլի նրբանկատ ֆինանսական խնդրանքները։ Ըստ երևույթին, նրան ճնշելով՝ ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Փաշինյանին հակազդելու համար»,- The Insider-ին ասել է միլիարդատիրոջ մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրը։ 1999 թվականին Կարապետյանը արտասահմանյան անձնագիր է ստացել Կալուգայում։ Արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրի գործի «աշխատանքի վայր» բաժնում Ներքին գործերի նախարարության կողմից կա նշում՝ «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։ Այս նշումը նշանակում է, որ եթե քաղաքացին ենթարկվում է ստուգման, ապա նախ պետք է կապ հաստատել ԱԴԾ-ի հետ։ Ինչպես խմբագրին բացատրեց Ներքին գործերի նախարարության աշխատակիցը, սա սովորաբար այն նշանն է, որն օգտագործվում է ԱԴԾ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիների կամ գաղտնի լրտեսների համար։
Թարգմանությունը՝ 1lurer-ի