Անհրաժեշտ է մի բան ֆիքսել, որ թույլ չտանք այս թեմային որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան․ Ալեն Սիմոնյան

Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը բավականին ցավոտ է, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ինչո՞ւ եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա: Որովհետև խոսքը գնում է մեր զոհված տղաների թվի մասին: Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը: Ասում են՝ 5 հազարից ավելի, 6 հազար, 7 հազար, մինչև 10 հազար»,- նշեց ԱԺ նախագահը:


Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: «Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ են և 3755՝ զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, այդ թիվը մոտավորապես 160-ի է հասնում, և մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ հասկանալի պատճառներով:


Ամենահետաքրքիրը. այսօր ի՞նչ են փորձում անել: Այսօր մեր պատգամավորներից մեկը, որը աշխատանքի չի գալիս, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն: Ձև անելով, որ, իբր, իրենք ոչ թե 44-օրյան նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում»,- ասաց նա:


Սիմոնյանը հիշեցրեց, որ այդ թիվը հրապարակված է, այդ անունները հրապարակված են: «Այդ անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում: Այնտեղ կան տվյալները, լուսանկարները: Կան բացառություններ, երբ որ ծնողները չեն ցանկացել, որ անուն հրապարակվի, այնտեղ կան նաև 4-օրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցները:


Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ, և Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան, և մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»,- նշեց Ալեն Սիմոնյանը: