ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցում հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Արտաքին գնահատումը, համաձայն Հանրակրթության պետական նոր չափորոշչի, անցկացվել է ԳԹԿ-ի մշակած «Մայրենի» (առաջադրանքների 40%), «Մաթեմատիկա» (40%), «Ես և շրջակա աշխարհը» (20 %) առարկաների միասնական թեստի միջոցով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է դասասենյակներով, հաջողություն մաղթել աշակերտներին՝ տեղեկացնելով, որ թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու նրանց՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա:
2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա:
Արտաքին գնահատման նոր ձևաչափով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի գնահատելու, թե տարրական դպրոցի ավարտին ուսումնական գործընթացն ինչ արդյունքներ է ապահովել, ինչ խնդիրներ և հաջողություններ են արձանագրվել, որ առարկաների ուղղությամբ է անհրաժեշտ առավել մեծ շեշտադրում կատարել։