Իսրայելը «ռազմական հանցագործություններ» է կատարում Գազայի հատվածում, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։
«Հումանիտար աղետ է ծավալվում Գազայում փակված 2,2 միլիոն մարդկանց համար, որոնք ենթարկվում են հավաքական պատժի: Հավաքական պատիժը ռազմական հանցագործություն է»,- Շամդասանիի խոսքերը մեջբերում է РБК-ն։
Նա նաև հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչներին ուղղված Իսրայելի իշխանությունների՝ տարածաշրջանի հարավ տարհանվելու պահանջը լիակատար շրջափակման պայմաններում կարող է համարվել բռնի տեղահանում, որն արգելված է միջազգային իրավունքով և համարվում է ռազմական հանցագործություն։
Շամդասանիի խոսքով՝ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի հարավային շրջաններ վերջին օրերին ուժեղացել են, միաժամանակ շարունակվում են ավիահարվածները հյուսիսային մասի ուղղությամբ. «Գազայում չկան անվտանգ տեղեր»:
Գազայի հատվածում խիտ բնակեցված տարածքների ռմբակոծումը զգալի վնաս է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին և հանգեցրել խաղաղ բնակիչների մահվան, ավելացրել է Շամդասանին:
Բացի դրանից, նշել է նա, ՄԱԿ-ը մտահոգված է ոչ միայն Գազայի հատվածում Իսրայելի գործողություններով, այլև պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման «դաժան հարձակումներով»: