Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ։


 

Ուղերձում ասվում է․


 

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: 

 


Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:

 


Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:


 

Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:

 


Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:

 


ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»: