Այսօր առավոտյան եգիպտական Կարմիր ծովի առողջարանային Տաբա քաղաքում՝ Իսրայելի հետ սահմանից ոչ հեռու, հրթիռը հարվածել է բժշկական օբյեկտի, ինչի հետևանքով վեց մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է եգիպտական Al-Qahera News հեռուստաալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ հրթիռային հարվածը Գազայի հատվածում շարունակվող բռնությունների արձագանքն է։ Պայթյունի հետևանքով վնասվել են շտապօգնության շենքը և Տաբայի հոսպիտալի աշխատակիցների համար բնակելի շենքը։ Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում են այրված մեքենա և շենքի ճակատի զգալի վնասներ։
«Երբ բացահայտվի հրթիռը արձակած կողմը, գործողության բոլոր տարբերակները բաց կլինեն (միջադեպի) լուծման համար, և Եգիպտոսն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու (միջադեպին) հարմար ժամանակ»,- հեռուստաալիքին ասել է Եգիպտոսի կառավարության աղբյուրը:
Առայժմ ոչ ոք կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել։