Լուիզիանա նահանգից հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 56-րդ խոսնակը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Պահպանողական հանրապետականը ստացել է 220 ձայն։ Այս պաշտոնը զբաղեցնելու համար նրան անհրաժեշտ էր նվազագույնը 217 ձայն։
Քանի դեռ Ներկայացուցիչների պալատը չուներ խոսնակ, այն չէր կարող զբաղվել բյուջեի համաձայնեցմամբ և հաստատել օրինագծերը, այդ թվում՝ Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության ֆինանսավորման համար Սպիտակ տան հայտը:
Իր ուղերձում նորընտիր խոսնակը հայտարարել է, որ «ամբողջ աշխարհում ազատության թշնամիներին» ազդարարում է, որ ամերիկացի օրենսդիրները վերադարձել են լիարժեք աշխատանքի:
«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներն իմանան, որ այս օրենսդիր մարմինը վերադարձել է իր պաշտոնին: Թող ազատության թշնամիներն ամբողջ աշխարհում բարձր և հստակ լսեն մեզ. ժողովրդի պալատը կրկին աշխատում է»,- ասել է Ջոնսոնը:
Նա նաև թվարկել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները՝ աջակցություն Իսրայելին, աճող ազգային պարտքի զսպում, միգրացիոն ճգնաժամի լուծում, թմրանյութերի համաճարակի հաղթահարում: Ջոնսոնը գործընկերներին խոստացել է «ապակենտրոնացված» ղեկավարություն։ Ելույթից հետո նա երդվել է:
Ջոնսոնը 51 տարեկան է, նա հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամ 2016 թվականից։ Քաղաքական գործիչն ավարտել է Լուիզիանայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է իրավունք։ Այնուհետև նա շուրջ 20 տարի զբաղվել է սահմանադրական իրավունքով։ Ջոնսոնն ամուսնացած է, ունի չորս երեխա։