Քոչարյանի համար «վիզ դնող» Ծառուկյանի մոտ ռուսական նարատիվների «պերեբոռ» է

Երբ հետևում ես Պուտինի հովանավորյալ ընդդիմադիր եռյակի խոսույթին, հայտարարությունների ձևակերպումներին, համոզվում ես, որ դրանք գրվել են միևնույն «օֆիսում», ենթադրվում է՝ Կրեմլում։ Եռյակի անդամ կուսակցություններն էլ, ամեն մեկն իր ոճով, կրկնում է այն, ինչ ասել են «վերևից»։  Ասե՞լ են  Նիկոլ Փաշինյանի բանակցած ու բերած խաղաղությունը ֆեյք է՝ կրկնում են նույնությամբ, ասե՞լ են ժողովրդին կահաբեկեք 300 հազար ադրբեջանցիների մասին ֆեյքնյուզով, կաշվից դուրս գալով, անգամ իրենք իրենց ասածին չհավատալով՝ կրկնում են։


Էդ «վերևին», ի դեպ, շատ անհանգստացնող փորացավը մեկն է՝ նորից մխրճվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ու քավոր կամ, իրենց խոսքով, երաշխավոր կանգնել խաղաղության գործընթացին։ Ու որպեսզի շատ «չզռա», որ եռյակի ասած, առաջարկած քավորը մեկն է՝ ՌԴ-ն, արանքում տալիս են նաև ևս երկու քավորացուի անուն՝  Չինաստան ու ԱՄՆ։ Բա հո չե՞ն կանգնելու ու «լաբավոյ» ասեն՝ միակ երկիրը, որ պետք է «մոմ բռնի» ՀՀ-ի ու Ադրբեջանի գլխին՝ երաշխավոր կանգնի խաղաղությանը, ՌԴ-ն է ու… «վսյո»։ 



Միակ տղամարդ  Ռոբերտ Քոչարյանն առաջինն է, որ բացել է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությանը երաշխավորներ կարգելու թեման՝ «պադռազումիվայա» Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև Չինաստան ու ԱՄՆ։  Ուժեղ տղամարդ Սամվել Կարապետյանն էլ երեկ իր ասուլիսում աղաղակեց երաշխավորների՝ վերոհիշյալ անունները։ Նույնը, «ինքստինյան», իր համապատասխան ոճով աղաղակում է նաև Գագիկ Ծառուկյանը։  Նա այս էլ որերորդ անգամ տանում, բերում ու ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ ասում է՝ ո՞վ չի ուզում խաղաղություն, սաղս էլ ուզում ենք։ Բայց մի հատ մոմենտ կա՝ պետք ա լինի երաշխավորված խաղաղություն՝ ՌԴ, ԱՄՆ, Չինաստան գարանտներով։


ԲՀԿ առաջնորդն Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մտքի այսօրինակ փայլատակում է ունեցել՝ մասնավորապես փիլիսոփայելով. «Ժողովուրդ ջան, էսօր որ ասում են՝ խաղաղություն ենք բերե, խաղաղություն չկա։ Պայմանավորված հարց ա։ Բայց ստորագրած, որոշում, սահմանը գծած, որ պայմանագործում որևէ մեկը  խախտում  չի կատարելու, ով խախտում կատարեց, պետք է պատժվի, պետք է տույժ վճարի։ Չէ, չկա այդպիսի բան, բանավոր պայմանավորվածություն»։ Իհարկե, դժվար է Գագիկ Ծառուկյանի մտքի թելը բռնելն ու տրամաբանական ելք  դուրս գալը, բայց փորձենք։ Մերօրյա Նոյի մոտ, ինչպես երևում է, «պերեբոռ» է՝ ռուսական նարատիվներով սեփական գլուխը լցնելու առումով։ Ուստի առաջարկում ենք նայել կալենդարին, մի քանի ամսով հետ գնալ, վերհիշել 2025 թվականի օգոստոսի 8-ը, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Կրկնում ենք՝ նախաստորագրվեց, նախաստորագրվել բառը կազմված է «նախ» ածանցից և «ստորագրել» բայից։ Իսկ նախաստորագրում նշանակում է բանավոր պայմանավորվածությունից անցում այդ պայմանավորվածությունների փաստաթղթավորմանն ու դրանց տակ կողմերի ստորագրությունները դնելուն։ Պարզ, ըմբռնելի՞  բացատրեցինք։ Հուսանք՝ այսքանը հասկանալու համար Ծառուկյանին չի խանգարի Հարվարդի համալսարանն ավարտած չլինելը, համալսարան, որն, ի դեպ, գտնվում է նույն ԱՄՆ-ում, և որն ավարտած լինելը Գագիկ Ծառուկյանը համարում է «վիսշի պիլոտաժ»՝ ինտելեկտուալ առումով։  Վաշինգտոնն էլ  մայրաքաղաքն է այն երկրի, որին ինքը տեսնում է խաղաղության երաշխավորի կարգավիճակում։


Հա, ի դեպ, խաղաղության «չլինելու» համատեքստում ԲՀԿ առաջնորդը «խոդի է գցել» նաև մյուս նարատիվը՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին՝ «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով քոքելով. «Հիմի եթե վաղը Ալիևը պահանջ ա դնում՝ Քյարքին պիտի վերցնեմ, 300 հազար պիտի բերեմ ու ամեն օրվա շեշտադրումը իրա՝ Արևմտյան Ազրբեջան, Սևանը մերն ա․․․ եղբայր, 300 հազար ազրբեջանցի գա, ի՞նչ ենք անելու։ Գալու են, Սևանում, Երևանում բնակվեն, տներ կառուցեն»։ Պարոն Ծառուկյան, հարգարժան  Գագիկ Կոլյայիչ, հանգիստ նստեք տեղներդ, չեն գալու այդ 300 հազար ադրբեջանցիները, Սևանն էլ ազրբեջանցիներինը չի լինելու, այն պարզ պատճառով, որ լիճը գտնվել ու շարունակում է գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, իսկ խաղաղության փաստաթղթի համապատասխան դրույթը արձանագրում է, որ «կողմերը  միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի»:  Կոնֆուզից խուսափելու համար առաջարկում ենք պարոն Ծառուկյանին մտնել ԱԳՆ կայք, գտնել մեր վկայաբերած փաստաթուղթը, հավաքել բոլոր ուժերն ու․․․ կարդալ։ Չէ՞ որ մեկ անգամ կարդալն ավելի լավ է, քան հազար անգամ լսելը, հատկապես, երբ լսածդ ֆեյքնյուզ է։  Կիրիենկոյի կանտորայի տասովշիկ լինելը բա սազակա՞ն է Ծառուկյանի պես հարգված մարդուն։ Բա մի քանի հազար ձայն կորզելու, Քոչարյանին վարչապետ սարքելու համար արժի՞ մտնել նման անպատվության տակ։


Հեղինե Մանուկյան