ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերին։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:


Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով բանկի կարևոր դերը երկրի տնտեսական արդիականացման և բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը՝ ուղղված ենթակառուցվածքային և զարգացման ծրագրերի իրականացմանը։


Իր հերթին, Կարլ Նեհամմերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել ԵՆԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի առաջնահերթ զարգացման ուղղություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության հետագա խորացումը։


Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում իրականացվող խոշոր ծրագրերը՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային ֆինանսական գործընկերների ներգրավվածության շարունակականությունը և ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սյունիքի մարզում իրականացվող զարգացման նախաձեռնություններին, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերին՝ ներառյալ քաղաքային տրանսպորտի և էներգաարդյունավետության ուղղությունները։ Կողմերը կարևորել են այդ ծրագրերի շուտափույթ և արդյունավետ իրականացումը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի կայուն զարգացմանը, տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ ջրամատակարարման, ճանապարհաշինության, էներգետիկ և համայնքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի առաջմղումը։