ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով: Արարողակարգերով դիվանագիտական պետական այցը համարվում է ամենաբարձր մակարդակի այցը, բայց ես կարծում եմ, որ վերջին 2 օրերին մի շրջադարձային նորամուծություն ենք իրականացրել պետական, ընդհանրապես դիվանագիտական համակարգի մեջ, որովհետև եթե մինչև Ձեր՝ Հայաստան կատարած այցը ամենաբարձր մակարդակի այցը համարվում էր պետական այցը, հիմա կարծում եմ, որ ամենաբարձր մակարդակի այցը համարվում է պետական- ժողովրդական այցը, որովհետև վերջին երկու օրերին Դուք մեծ երջանկություն եք պատճառել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և ՀՀ-ում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի, որոնք ոչ պակաս, քան մեր Կառավարության և իշխանության ներկայացուցիչները, առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, Ձեզ հետ լուսանկարվելու, իրենց սերը Ձեր հանդեպ արտահայտելու և, իհարկե, զգալու Ձեր սերն իրենց նկատմամբ: Կարծում եմ, որ սա իսկապես մի նոր էջ է ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի, ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդ գործողություններով արտահայտել եք մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը: Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև մեր ժողովուրդների մակարդակով: Դուք Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչն եք, և, որպես ընտրված լեգիտիմ պետական պաշտոնյա, բայց նաև որպես անհատ, որպես Ֆրանսիայի քաղաքացի, և կարծում եմ, որ իսկապես, այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և մեր բոլորի հիշողության մեջ:
Իրականում և՛ պետական այցը, և՛ այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնը ամբողջությամբ արտահայտում են այն մակարդակը, որը հաստատվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի Հանրապետության միջև:
Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել, ևս մեկ անգամ առիթը օգտագործելով՝ իմ գնահատանքի խոսքերը ասել Ձեզ այս հանգրվանի համար: Իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից՝ գտնում եմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել ՀՀ քաղաքացիների շրջանում Ձեր հանդեպ, որովհետև գուցե քաղաքացիները բոլոր նրբությունները մանրամասներով չեն իմանում, կամ բոլոր փաստաթղթերը չեն կարդում և ուսումնասիրում, բայց նրանք էմոցիոնալ-զգացական մակարդակում զգում են այն մեծ աջակցությունը և բարեկամությունը և սերը, որը մենք բոլորս տեսել ենք Ձեզնից ՀՀ-ի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ: Այդ ներդրումը անուրանալի է, և այդ ներդրումը, իհարկե, արդեն իսկ իր տեղն ունի ՀՀ պատմության մեջ:
Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերը հայտնել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ ի վերջո պետական այցը, որը երկար սպասվում էր,- Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք ՀՀ-ում,- եղավ հիմա, և այդ այցը իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով և արձանագրվելով որպես առաջին պետական-ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,- նշել է Փաշինյանը:
«Շնորհակալ եմ այս խոսքերի համար, այս ընդունելության համար: Կարծում եմ՝ այս պետական այցը առաջին հերթին մեզ շատ հուզում է՝ հաշվի առնելով այդ հաջողությունը թե՛ Հայաստանի համար, թե՛ Եվրոպական համայնքի շրջանակներում, և թե՛ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում: Դուք գիտեք, որ Ֆրանսիան միշտ կլինի Ձեր կողքին, և այս պետական այցի շրջանակներում մենք մի շարք կարևոր համաձայնագրեր ենք ստորագրելու, և բոլորն ընդգրկվում են այս ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Շատ կարևոր է, որպեսզի այս ընթացքը շարունակվի, հատկապես ինչ վերաբերում է անվտանգության և պաշտպանության ոլորտին: Կան շատ հարցեր, որոնք պետք է ավելի ամրապնդվեն՝ ուսումնական ոլորտում, սպառազինության ոլորտում, նաև տնտեսական և ներդրումների ոլորտն է շատ կարևոր: Շատ ծրագրեր կան, որոնք մենք ձեռնարկում ենք, կլինի նաև ԱԲ ոլորտը: Գիտեք, թե որքան ենք մենք աջակցում Ձեզ, հատկապես Ֆրանսիայի զարգացման գրասենյակի միջոցով: Մենք ցանկանում ենք ավելի ամրացնել այս ներդրումների տրամաբանությունը, և մենք ցանկանում ենք աջակցել Ձեզ այս Եվրոպական շարժի մեջ:
Կան մի շարք ռազմավարական ենթակառուցվածքներ, որոնք կարող են թույլ տալ Ձեզ՝ ավելի ամրապնդել Ձեր դիրքերը: Ես կարծում եմ, որ այս այցը արտացոլում է միաժամանակ թե՛ մեր բարեկամության, թե՛ մեր հարաբերությունների ուժը, և այս պահը, որը մենք այժմ ապրում ենք, շատ կարևոր է Հայաստանի համար:
Մենք աջակցում ենք Ձեզ և ցանկանում ենք, որ ապագայում նոր հեռանկարներ բացվեն Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ կարող եմ այժմ ասել, որ Հայաստանը նույնպես մեծ ավանդ ունի Ֆրանսիայի պատմության մեջ. Լիոնի, Մարսելի կամ Երևանի փողոցներում մենք տեսնում ենք մարդիկ, որոնց ճակատագիրը բաժանվում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև. սա է այս երկկողմ հարաբերությունների կարևորությունը»,- ասել է Էմանուել Մակրոնը: