ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆին և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։
Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: