2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին գիտության
ֆինանսավորումն աճել է շուրջ 2.8 անգամ՝ կազմելով 185 տոկոս աճ։ Գիտության ոլորտում
գրանցվել է նաև աշխատավարձերի զգալի բարձրացում՝ մինչև 300 տոկոս և ավելի։ Այս մասին
ԳԱԱ-ում գիտական հանրության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ քննարկման
ընթացքում իր համար բացահայտվել են զարմանալի նոր փաստեր, որոնք, նրա համոզմամբ, կարող
են ազդեցություն ունենալ հետագա քաղաքականությունների մշակման վրա։ Այս համատեքստում
նա անդրադարձել է նաև ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի ելույթին։
ԳԱԱ նախագահը հիշեցրել էր, որ նախորդ հանդիպումներից
մեկի ընթացքում վարչապետը հարց էր բարձրացրել՝ ինչու որոշ գիտական ուղղություններով
Հայաստանը չի փորձում դառնալ առաջատար։ Նրա խոսքով՝ դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ
ժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչպես նաև՝ համապատասխան ցանկություն և բարձր
մասնագիտական կարողություններ։
«Առաջինը ապահովվում է Կառավարության կողմից, իսկ
երկրորդը կախված է մեզանից։ Կկարողանա՞նք իրականացնել՝ կկարողանանք, եթե հարցին մոտենանք
բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով «գլուխ գովելու» սինդրոմը, որը բավական խոր արմատներ ունի մեր հասարակությունում և գիտական
միջավայրում»,– նշել էր ԳԱԱ նախագահը։
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով այս դիտարկմանը,
ասել է. «Երբ խոսում էիք գլուխ գովելու մոտեցման և որակավորման խնդիրների մասին, մտածեցի՝
գուցե սխալվում եմ, բայց, կարծես, առաջին անգամ եմ ԳԱԱ շենքում նման ձևակերպումներով
ելույթ լսում։ Սա կարևոր փոփոխություն է, որովհետև նախ պետք է փոխվեն մեր մտածողությունն
ու լեզվամտածողությունը։
Այս առումով ուզում եմ նշել, որ երբեմն ինձ անհանգստացնում
է, երբ ասում են՝ Կառավարությունը աջակցում է գիտությանը, որովհետև այդ ձևակերպումը
որոշակի հեռավորություն է ստեղծում Կառավարության և գիտության միջև։ Մենք գիտությանը
պարզապես չենք աջակցում․ գիտության զարգացումը մեր պետական քաղաքականությունն է։ Մենք
չենք պատկերացնում, որ կա պետություն և առանձին՝ ինչ-որ հեռավորության վրա գտնվող գիտություն,
որին պետք է աջակցել։ Գիտության զարգացումը մեր քաղաքականության անբաժանելի մասն է,
և դա ունի հստակ հիմնավորում։ Մենք չենք պատկերացնում պետության զարգացում առանց գիտության
զարգացման, ինչպես նաև գիտության զարգացում՝ առանց կրթության զարգացման»։
Փաշինյանի խոսքով՝ պետության զարգացումը նախ և առաջ
ենթադրում է տնտեսության զարգացում։ Նա ընդգծել է, որ գիտությունը նաև տնտեսություն
է, քանի որ դրա արդյունավետ կառավարումն ու գիտությանը հատկացվող միջոցների նպատակային
օգտագործումը կարևոր գործիքներ են բազմաթիվ խնդիրների լուծման համար։
«Երբ խոսում ենք պետության զարգացման մասին, պետք
է հասկանալ, որ գիտության զարգացումը մեզ համար առանձին ոլորտ չէ։ Կներեք, բայց գիտության
զարգացումը ինքնին առանձին իմաստ չունի։ Հարց է առաջանում՝ գիտությունը զարգանա՝ ինչի՞
համար։ Մեզ համար գիտության զարգացումը հենց պետության զարգացման հիմքն է»,– եզրափակել
է վարչապետը։