Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանը համեմատել է ՀԱՄԱՍ-ի հետ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Հադսոնի ինստիտուտում դասախոսության ժամանակ համեմատել է Ռուսաստանի և ՀԱՄԱՍ-ի գործողությունները։

«Վլադիմիր Պուտինը ցանկանում է ջնջել Ուկրաինան երկրի երեսից: ՀԱՄԱՍ-ը, որին աջակցում է Իրանը, ցանկանում է Իսրայելը ջնջել քարտեզի վրայից։ Ռուսաստանն ու ՀԱՄԱՍ-ը նման են միմյանց: Ինչպես ասաց նախագահ (Վլադիմիր) Զելենսկին, «էությունը նույնն է», - հայտարարել է ֆոն դեր Լյայենը:

Նա պնդել է, որ երկու սուբյեկտներն էլ որպես զոհ ընտրում են քաղաքացիական անձանց: Նա ընդգծել է. «Սա պայքարի բարբարոսական ձև է։ Եվ եթե այս վարակը չկանգնեցվի, այն կարող է պոտենցիալ տարածվել Եվրոպայից Մերձավոր Արևելքով դեպի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան»:

Նա նաև հայտարարել է, որ նման գործողությունները կարող են առաջացնել «ավելի մեծ բռնություն՝ ուղղված գոյություն ունեցող կարգի տապալմանը»։

Եվրահանձնաժողովի ղեկավարը վստահություն է հայտնել Մերձավոր Արևելքում էսկալացիայի կանխման հնարավորության հարցում և ընդգծել երկխոսության անհրաժեշտությունը. «Իսրայելի և նրա հարևանների միջև երկխոսությունը կարող է և պետք է շարունակվի»։

Նա նաև համերաշխություն է հայտնել Ուկրաինային՝ ասելով. «Մենք երբեք չենք կարողանա համեմատվել ուկրաինացի ժողովրդի հետ իր ինքնազոհողությամբ և քաջությամբ: Բայց մենք կարող ենք ամուր կանգնել նրա կողքին։ Եվ դա այն է, ինչ մենք անում ենք, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: 

Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ է, այլ նաև այն պատճառով, որ «նրանք պայքարում են մեր արժեքների և մեր ռազմավարական անվտանգության համար»։