Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարները։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը կարևորել է նմանատիպ այցերի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման, փորձի փոխանակման և նոր համագործակցային հնարավորությունների բացահայտման գործում։
Պատվիրակությանը ներկայացվել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, ներդրումային միջավայրը և զարգացման առաջնահերթությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արարարի մարզի համայնքների և ֆրանսիական համայնքների միջև տնտեսական, մշակութային, կրթական և առևտրային համագործակցության ընդլայնմանը։
Կողմերը ներկայացրել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր ուղղություններ։
Հանդիպման ավարտին Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մարզպետին է հանձնել հուշամեդալ՝ որպես հարգանքի և համագործակցության խորհրդանիշ։