ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հանդես եկան հայտարարությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես հայտարարեց. «Ողջունում եմ Ձեր պատվիրակության այցը Երևան ու գոհունակությամբ արձանագրում, որ վերջին 5 տարվա ընթացքում սա ձեր 4-րդ այցն է ՀՀ, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը։
Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է ՀՀ-ի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր մեր երկրի ու տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։
Հարգելի գործընկերներ, լինելով լայնածավալ Ֆրանկոֆոն կազմակերպության մի մասնիկը՝Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը։
Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից է ֆրանսերենի ուսուցման և տարածման խթանումը,այդ թվում՝ ՀՀ-ի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. ծրագրերի միջոցով, մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի վառ վկայությունն է արդեն 10 տարի շարունակ յուրաքանչյուր տարի ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէ. մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։
Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ, որ մենք կարևորում ենք նաև կազմակերպության երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռվող հնարավորությունները։
Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը։ Վստահ եմ, որ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային Ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբվելու նպատակով։
Տիկին Մուշիկիվաբո, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերձած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ ձեր՝ տիկին գլխավոր քարտուղար, հասցեական ու հստակ արձագանքը։ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նաև նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը։
Միաժամանակ դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունը և դրա զսպման հրամայականը։ Ներկայումս ՀՀ-ն գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազար հայ փախստականների առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար։ Գիտեմ, որ այսօր ինքներդ հանդիպել եք ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ։
Հավատարիմ լինելով Հրվ. Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով բազմիցս ենք շեշտել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝առանց երկիմաստությունների ու կամայական մեկնաբանությունների,փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը ինքնիշխանության, ազգային իրավազորության ներքո և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով։
Մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ
հարյուրավոր հայկական եկեղեցիների ու ամրոցների, մեր մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությունը»։