18.10.2023
Քաղաքականություն, Քաղաքականություն
Սահակաշվիլին սեպտեմբերին անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիեւին՝ Արցախը հայաթափելու կապակցությամբ. հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե` «խաղաղության հասնելը որքան կարեւոր է». խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Միջազգայնագետ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սաակաշվիլիին խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է` Նիկոլ ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր: Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն:
Բայց սա դեռ մի կողմ. ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է, որտեղ նա բառացիորեն հետեւյալն է ասում. «Դուք պետք է բաց հայտարարեք եւ անմիջապես խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ»:
Սաակաշվիլիին փոխանցել է պետք, որ օր չի անցնում, որ Փաշինյանը չհայտարարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ընդ որում` հենց արեւմտյան հարթակներից: Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլեւ Արեւմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, եւ հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության մասին, այլեւ անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե` «խաղաղության հասնելը որքան կարեւոր է»:
Նախկին նախագահին խորհուրդ կտամ զերծ մնալ բաց նամակներ գրելուց, իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր եւեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Իլհամ Ալիեւի հետ եւ հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու:
Առայժմ այսքանը` առողջ եղեք...»։