ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպական միությունը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ստորագրեցին վարչական պայմանավորվածություն՝ նշանավորելով աղետների դիմակայության բարձրացման ուղղությամբ կարևոր առաջընթաց։


 

Պայմանավորվածությունը բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկատվության փոխանակումը և կարողությունների զարգացումը։

Հիմնական ուղղություններն են․


• Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով,
• փորձագիտական կարողության և լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել և բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը,
• մասնակցություն  համատեղ վարժանքներին, սեմինարներին և աշխատաժողովներին,
• աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից և պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։


«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության և համատեղ վերապատրաստման համար։ Մեր հանձնառությունն  աջակցելու Հայաստանին՝ առավել կայուն և դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- միջոցառման շրջանակում նշել է գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:


«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ մենք հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – հավելել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Ղազարյանը։