Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը միտված է աջակցելու ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների ու ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին։ Երկու տարի ժամկետով նախատեսված առաքելությունը կօգնի զարգացնել ինստիտուցիոնալ կարողություններն ու բարձրացնել հասարակության դիմակայունությունը։ 


«Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը: 


Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում Միության նոր առաքելության տեղակայումը։