Սամվել Կարապետյանի «մոնտաժի արքա» որդին իրեն Ռեմբո է երևակայել

Սամվել Կարապետյանի սկանդալային որդի Սարգիս Կարապետյանը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ վերջին փոդքաստում խայտառակվելուց հետո (սեքսի նախարարություն բացելու թեմայով), ըստ մեզ հասած լուրերի, պատժվել է հայրիկի կողմից ու հարկադիր «խոսադուլի» ենթարկվել։ Ասել կուզի՝ հրահանգ է ստացել «թարգել» «փոդքաստը», քանի որ հենց խոսում է, արդյունքում հայտնի երկարականջ կենդանու կարգավիճակում է հայտնվում։ 


Սարգիս Սամվելիչը, սակայն, արտահայտվելու իր իրավունքը որոշել է վերականգնել, բայց  ոչ թե «փոդքաստի» ժանր վերադառնալով, այլ «ինքնաշեն» «ռիլ»-եր  նկարահանելով ու, փաստորեն,  խայտառակվելու ա՛յս ժանրն ընտրելով։


Եվ ուրեմն, Սամվել Կալուգացու «խաթա բալան» օրերս մի «ռիլ» է նկարահանել, որտեղ մեջբերել է ԱԺ փոխխոնակ Ռուբեն Ռուբինյանի՝ «Ֆակտոր»-ին տված հարցազրույցից դրվագներ ու այնպես է դզել-փչել, կտրել-կցմցել, որ դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ռուբինյանը երեք անգամ հերքում է, որ ինքը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա թիմակիցն է։  «Ոնց որ մենակ ես եմ քո թաքնված մեսիջները ջոգո՞ւմ, երեք աՄգամ (մ-ով-խմբ) քո քաղաքական պապայից հրաժարվեցիր։ Չես դիմանում, հա՞, հասկանում եմ»,-իր արևին հեգնում է մտքի գիգանտ Սարգիս Սամվելիչն ու չարությունից տրաքող աչքերից «կայծեր» բաց թողնելով շարունակում «Այ Ռեգբեր Ռուշտու (թուրք ֆուտբոլիստ-խմբ), դու թլիկ չես, դու թույլիկ ես, մի քիչ էլ՝ թուրքիկ ես, ու ընտրություններից հետո կպարզենք՝ արդյոք էլ մի քիչ դավաճանի՞կ ես»։


Տեղ հասանք, ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «մուկն էլ սկսեց երկաթ ուտել»։ 


Կրտսեր Կարապետյանին պետք է բարեկամաբար խորհուրդ տալ նմանատիպ «ռիլեր» նկարահանելուց առաջ օգտագործել «Կորվալոլ» և առհասարակ դադարեցնել «Ազվերին»-ի ընդունումը, այն վնասում է ատամներին և ուղեղի աշխատանքին։  Մինչ «ուժեղ Սաքոն» կհանդարտվի՝ նկատենք՝ նրա այս հոլովակը խտացվածքն է իր հոր՝ «ապագա վարչապետի» քարոզչության ողորմելիության  ու թշվառության։ Այդ քարոզչությունն էլ է հիմնված ապատեղեկատվության, մանիպուլյացիաների, խեղաթյուրումների  միջոցով քարոզչական դրական էֆեկտ ստեղծելու վրա, որը մեդիագրագետ մարդու մոտ ուղղակի ծիծաղ է հարուցում։


Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանը իր հիշյալ հարցազրույցում սարկազմի ոճում անդրադառնում է հենց իրենց՝ «ուժեղներին», ինչպես նաև ռուսա-բելառուսամետ ընդդիմության մյուս ներկայացուցիչներին՝ Քոչարյանին ու Ծառուկյանին, հեգնելով՝ եթե Սամվել Կարապետյանի ներկայացրած ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Քոչարյանի ցուցակով 2021-ին պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանը կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանի ընտրացուցակի երկրորդ համար, նույն Քոչարյանի ցուցակով նույն 2021-ին մանդատ ստացած Անդրանիկ Թևանյանը  «կապ չունեն» Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ինքն էլ կապ չունի Փաշինյանի հետ։ Սաքոս էլ, փաստորեն, բռնել ու այդ դրվագները  իր ճաշակով մոնտաժելու արդյունքում ստացել է մի ցնցող, ուժեղ «կլիպ», «քցել» է ինտերնետ՝ իր խելքին ընկած լսարանի առաջ ինքզինքը  Ռեմբո երևակայելով։  Ծանծաղամտության մաստեր կլասս։


Հ. Մ.