Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։
2008–2016 թթ․ դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։
1998-2007 թթ․ դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։
1998-2016 թթ․ հատուցման դեպքերի համար միանվագ գումարները չեն վճարվի, իսկ ամսական գումարները կվճարվեն 20 տարի՝ 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի չափով։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am հարթակում հետևյալ հղմամբ: