ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը և հանդես է եկել ելույթով՝ կարևորելով այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում համադրելու պետական քաղաքականությունը և քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժը:


«Վարչապետ Փաշինյանի և ձեր բոլորի մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում է մեր համագործակցության խորության և այն ընդհանուր հանձնառության մասին, որով առաջնորդվում ենք՝ կառուցելու առավել կայուն և բարեկեցիկ ապագա»,- նշել է փոխվարչապետը և ընդգծել Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ երկխոսելու անհրաժեշտությունը՝ ստեղծելու նոր նախադրյալներ ՀՀ-ԵՄ գործընկերության ու դրա ռազմավարական օրակարգի զարգացման համար։


Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանի և ԵՄ միջև ակտիվ քննարկման փուլում գտնվող տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնությունների, որոնք համահունչ են ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։



«Այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և խաղաղության օրակարգը՝ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին։


Վստահ ենք, որ նման նախագծերը կարող են դառնալ պետության սոցիալ-տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ կայունության կարևոր հենասյուներ։»,- նշել է փոխվարչապետը:


Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ կարևորությանը և դրա կիրարկման գործընթացին՝ կարևորելով նաև այդ գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և բաց, ներառական և արդյունքահեն քննարկումները:


Ամփոփելով իր խոսքը Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը շարունակելու է իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա։ Եվրոպական միության հետ մեր գործընկերությունն այս ճանապարհին առանցքային նշանակություն ունի, և մենք վճռական ենք այն առավել խորացնելու՝ ի շահ մեր քաղաքացիների և տարածաշրջանային կայունության»: