ԱՄՆ-ի հորդորով Իսրայելը կարող է հետաձգել հարվածը «Ալ-Մասնա» անցակետի վրա

Իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ-ը կոչ է արել Իսրայելի իշխանություններին քաղաքական պատճառներով հետաձգել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա նախատեսվող հարձակումը՝ այդ հարցը թողնելով սիրիական անվտանգության ուժերի պատասխանատվությանը։


Ահմեդ ալ Շարաայի գլխավորած Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ի միջոցով փոխանցել է, որ ինքնուրույն հակազդում է «Հըզբոլլահին» և քայլեր է ձեռնարկում Սիրիայից Լիբանան զենքի մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ։


Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «Հըզբոլլահը» անցակետն ու հարակից M30 ճանապարհը օգտագործում է ռազմական նպատակներով։ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում էր հարված հասցնել և բնակիչներին ու պետական ծառայողներին կոչ էր արել լքել «Ալ-Մասնա»-ի տարածքը։ Զգուշացումից հետո Սիրիայի սահմանային վերահսկողության և մաքսային մարմինները հայտարարել են անցակետի ժամանակավոր փակման մասին։


Ահմեդ ալ Շարաան ընդգծել է, որ Դամասկոսը մտադիր է կանխել իր տարածքով զենքի մաքսանենգությունը։