Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, մահապատժի մասին օրենք է ընդունել այն անձանց համար, ովքեր մեղավոր կճանաչվեն կանխամտածված ահաբեկչության իրականացման համար, որի դեպքում մարդիկ են զոհվել։
Օրինագիծն ընդունվել է երրորդ՝ վերջնական
ընթերցմամբ, որին կողմ են քվեարկել 62 պատգամավոր՝ ներառյալ վարչապետ Բենիամին
Նեթանյահուն, դեմ՝ 48-ը։
Օրինագիծը ներկայացրել է Ազգային անվտանգության նախարար Իտամար
Բեն-Գվիրը իր ծայրահեղ աջ կուսակցության՝ «Օցմա Յեհուդիտի» հետ։ Նախաձեռնությամբ նախատեսվում
է, որ ահաբեկչության ժամանակ մարդուն կանխամտածված սպանելու մեջ մեղադրվողը պետք է
դատապարտվի մահապատժի՝ կախաղանի միջոցով։
Դատավճիռ կայացնելիս դատավորը կկարողանա ընտրել
մահապատժի և ցմահ ազատազրկման միջև, սակայն Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների
համար նախատեսված է միայն մահապատիժ (դատավորները պետք է հստակ հիմնավորեն այլ պատիժ
նշանակելիս): Դատավճիռը բողոքարկելու իրավունքը պահպանվում է։
Նախաձեռնությունը քննադատել է ընդդիմությունը՝ այն անվանելով փիար արյան
վրա, ինչպես նաև մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ։
Իսրայելի
օրենսդրության մեջ կա մահապատիժ, սակայն դատավճիռները ի կկատար են ածվել ընդամենը
երկու անգամ դրա ամբողջ պատմության մեջ։ Վերջինը մահապատժի է ենթարկվել նացիստ
ռազմական հանցագործ Ադոլֆ Այխմանը, որին անվանել են «Հոլոքոստի ճարտարապետ»։ Նա
կախաղան է բարձրացվել ավելի քան 60 տարի առաջ՝ 1962 թվականին։ Այժմ ահաբեկչության
համար դատապարտվողները, որպես կանոն, ենթարկվում են ցմահ ազատազրկման: