Հայաստանի ամփոփիչ պնդումները Հաագայի դատարանում ներկայացնելով՝ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մինչ գործով վերջնական որոշում կայացնելը, դատարանին խնդրեց Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոցներ։
Նախ, ըստ ՀՀ պահանջի, Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել Կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։
Ադրբեջանը չպետք է կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել ԼՂ-ում մնացող հայազգիներին կամ կանխել վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ, միևնույն ժամանակ թույլ տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից, անել դա առանց որևէ խոչընդոտների։
Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել ԼՂ քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։
Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չստեղծի, որպեսզի ՄԱԿ-ն ու վերջինիս մասնագիտացած գործակալությունները կարողանան աշխատել ԼՂ էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը ոչ մի կերպ չպետք է միջամտի նրանց գործունեությանը։
Ադրբեջանը պետք է օգնի և չխոչընդոտի, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել Կարմիր խաչի հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։
Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայություները, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի լիարժեք վերականգնումը ԼՂ-ում, և ապագայում դրանք պետք է չխաթարի։
Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել ԼՂ ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։
Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան կամ հայկական մշակույթի վայր, որը դեռ կա ԼՂ-ում։ Ադրբեջանը պետք է ճանաչի և օրինական համարի քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել ԼՂ իշխանությունների կողմից։
Ադրբեջանը պետք է պարտավոր լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին հաշվետվություն ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի այս կարգադրությունը իրագործելու ուղղությամբ՝ տվյալ որոշումը կայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ մինչև դատարանը կայացնի վերջնական որոշում։
Եղիշե Կիրակոսյանը ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց դատարանին «Խաղաղության պալատում» հյուրընկալելու և նիստը կազմակերպելու համար։