Ադրբեջանի ցինիզմը հատում է բոլոր սահմանները. Եթե ձեր միջանկյալ միջոցները որևէ անորոշություն են պարունակելու, ապա Ադրբեջանը դրանք կշահարկի և կջնջի ԼՂ-ում էթնիկ հայկական ներկայությունն ու պատմությունը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ Դատարանին
«Ադրբեջանի ցինիզմը հատում է երևակայության բոլոր սահմանները։ Ըստ այդ երկրի՝ հայերի՝ այս դատարանում ներկայացված  պահանջները մեջբերում եմ՝ «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։ Ադրբեջանը նշում է նաև, մեկ այլ մեջբերում անեմ, թե «ՀՀ-ն հետաքրքրված չէ խաղաղությամբ և  Ադրբեջանի հետ  հարաբերությունների նորմալացման գործընթացով»։ Այս դիրքորոշումը կտրականապես հակադրվում է միջազգային իրավակարգի բուն հիմունքներին»,- այս մասին ժամեր առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ դիմումի հիման վրա  մեկնարկած նիստում հայտարարեց ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա հավելեց նաև, որ Ադրբեջանն իրականում իր  վեճերը նախընտրում է լուծել ուժի ապօրինի գործադրմամբ։ 

«Այսպե՞ս է իրականում Ադրբեջանն ընկալում խաղաղություն և անվտանգություն հասկացությունները։ Թույլ տվեք մեկ բան ևս նշել՝ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ոչ միայն ապակողմնորշել միջազգային հանրությանը, այլ նաև ոչ ճիշտ ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով հիմնավորել այս Կոնվենցիայի (Ռասայական խտրականության վերացման մասին) խախտումները։ Տվյալ հանգամանքում ԼՂ-ի  հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջանկյալ միջոցներով է միայն հնարավոր կանխել այն էթնիկ զտումը, որն Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և դրա անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի  հազարամյակների  մշակութային ժառանգության պահպանումը  ԼՂ-ում և կանխարգելել նաև դրա  ջնջումն ու ոչնչացումը, մի բան, որն Ադրբեջանն արդեն արել է  Նախիջևանում և Ադրբեջանի այլ մասերում։ Ինչպես նաև՝ պաշտպանել ԼՂ-ի առևանգված  ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու մեղադրանքներից։ Սակայն եթե ձեր միջանկյալ միջոցները որևէ անորոշություն են պարունակելու, ապա Ադրբեջանը դրանք կշահարկի և դա անելով  կապահովի ԼՂ-ում էթնիկ հայկական ներկայության և պատմության մշտականապես ջնջումը»,- նկատեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս ահազանգով ՀՀ-ն արդեն երրորդ անգամ է դիմում Դատարանին։