Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը կդառնա վճարովի

Իրանը նախատեսում է վճարովի հիմունքներով կազմակերպել առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին՝ ըստ IRIB-ի։


Բորուջերդիի խոսքով՝ նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվեն վճարովի սկզբունքով։


Նշվում է, որ փետրվարի 28-ից հետո տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Իրանը փաստացի սահմանափակել է միջազգային նավագնացությունը նեղուցում։ Այդ ժամանակահատվածում առևտրային նավերը բազմիցս ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների։


Ըստ հաղորդումների՝ ներկայումս անցումը թույլատրվում է միայն բարեկամ և չեզոք պետություններին պատկանող նավերին։


Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ռազմավարական ծովային ուղիներից մեկը, որով իրականացվում է նավթամթերքների զգալի մասի փոխադրումը։