Իտալիայում թանգարաններից մեկից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի՝ մի քանի միլիոն եվրո արժողությամբ գործերը

Իտալիայում Պարմային մոտ Մանյանի-Ռոկա հիմնադրամի մասնավոր թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի՝ մի քանի միլիոն եվրո արժողությամբ կտավները։ Այս մասին հայտնել է BBC News-ը:


Դիմակներով չորս հանցագործներ մարտի 22-ին ներթափանցել են թանգարան։ Նրանք գողացել են Ռենուարի «Ձկները», Սեզանի «Նատյուրմորտ բալերով» և Մատիսի «Օդալիսկան պատշգամբում» գործերը, որոնք բոլորը կախված էին առաջին հարկի սրահներից մեկում։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողոպուտը տևել է մոտ երեք րոպե։ Ազդանշանի միանալուց հետո հանցագործները լքել են հանցանքի վայրը և թաքնվել։

Գողացված արվեստի գործերը գնահատվում են առնվազն 9 միլիոն եվրո։ Միայն Ռենուարի «Ձկները» արժե առնվազն 6 միլիոն եվրո, նշում է BBC News-ը, ինչը թույլ է տալիս խոսելու վերջին տարիներին Իտալիայի թանգարաններում կատարված ամենամեծ կողոպուտներից մեկի մասին։