Պուտինը ողջունել է բիզնեսմենների «կամավոր մուծումները» բյուջե՝ պատերազմը ֆինանսավորելու համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը խոշոր բիզնեսմենների հետ փակ հանդիպման ժամանակ չի առաջարկել բյուջե կամավոր մուծումներ կատարել պատերազմը ֆինանսավորելու համար: Այս առաջարկի մասին մարտի 26-ին հաղորդել է The Bell-ը: Պարբերականի տեղեկություններով՝ «երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում բիզնեսին թափ տալու» գաղափարը պատկանում է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինին, որն այն ներկայացրել է Պուտինին ուղղված նամակում:


Լրագրողների՝ այս տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքին ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է. «Ճիշտ չէ, որ գաղափարը Իգոր Սեչինինն է եղել։ Ճիշտ չէ, որ գումարը տրամադրվել է հատուկ ռազմական գործողությանը։ Ճիշտ չէ, որ Պուտինը դիմել է նման խնդրանքով»։

Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում պետությանը «որոշակի մեծ, շատ մեծ գումար» տալ, և դա եղել է իր ընտանիքի որոշումը։ Ըստ Պեսկովի՝ այդ բիզնեսմենը նշել է, որ «հանդիպման մասնակիցների ճնշող մեծամասնությունը իր բիզնեսը սկսել է 1990-ականներին, և, իհարկե, այդ սկիզբը հիմնականում այսպես թե այնպես կապված է եղել պետության հետ»։ «Շատերը իրենց պարտքն են համարում նման մուծումներ կատարելը», - նշել է նախագահի մամուլի քարտուղարը։


«Դա չի եղել նախագահ Պուտինի նախաձեռնությունը, չնայած, իհարկե, պետության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունը»,- հավելել է Պեսկովը։


Պուտինի մամուլի քարտուղարը հրաժարվել է հայտնել այն բիզնեսմենի անունը, որն անհրաժեշտ է համարել բյուջեին «շատ մեծ գումար» տալ։ «Հանդիպումը դրա համար է փակ եղել, որպեսզի որևէ մանրամասն չտրամադրվի»,- ասել է նա։