Քոչարյանի թեզն անազնիվ քայլ է ու նախընտրական բլեֆ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը «նախընտրական բլեֆ» է համարում ընդդիմության, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեզը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման մասին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ նման խոսակցությունը տեղահանված անձանց հույզերն ու սպասումները նախընտրական նպատակներով օգտագործելուն է միտված։ «Նման բան ասողը պարտավոր է հանգամանորեն, հստակ ու անկեղծորեն բացատրել, թե ինչ մեխանիզմով է պատկերացնում վերադարձը»,- նկատեց պատգամավորը։


Ինչ վերաբերում է նույն՝ երկրորդ նախագահի այն դիտարկմանը, թե խաղաղության գործընթացը պետք է երաշխավոր ունենա, որը կզսպի փաստաթղթի կողմերի՝ այն խախտելու, պատերազմ սկսելու գայթակղությունը, այլապես խաղաղությունը կախված է լինելու մեկ մարդու՝ Ադրբեջանի նախագահի  կամքից ու «կապրիզներից», Վարդանյանը հակադարձեց՝  Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթով երաշխավորում էր ՌԴ-ն, եթե լավ երաշխավոր էր, ապա ինչո՞ւ ԼՂ-ում  2023-ին տեղի ունեցավ սեպտեմբերյան ագրեսիան։ Հետևապես ի դեմս  ՌԴ-ի՝ երաշխավորի ինստիտուտի ձախողման վառ օրինակը հայաթափված Ղարաբաղն է։ Նախկին նախագահի մեկ այլ դիտարկմանն էլ, թե՝ եթե «Հայաստան» դաշինքը 2021-ին գար իշխանության, Ղարաբաղը չէր հայաթափվի, քանի որ իրենք 2022-ին Պրահայում չէին ստորագրի «ապուշ» հայտարարությունը, որը «ամբողջ կոնֆիգուրացիան (նոյեմբերի 9-ի հայտարարության-խմբ.) փոխեց», պատգամավորը արձագանքեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմության նույն քոչարյանական թևը նոյեմբերի 9-ի հայտարարությունը որակում էր որպես «կապիտուլյացիայի» փաստաթուղթ։ Այդ նույն փաստաթուղթը բերվում է որպես երաշխիք, որը, փաստորեն, կապիտուլյացիայի փաստաթուղթ լինելով հանդերձ երաշխավորում էր, որ  Ղարաբաղում տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Այս մարդիկ մեկը մյուսի հետ չբռնող թեզեր են բերում, քանի որ սուտ են խոսում։ Երբ մարդ որևէ թեզի շուրջ սուտ է խոսում, նա ստիպված է լինում ինչ-որ ժամանակահատված հետո նոր սուտ հնարել։ Ջրի երես է դուրս գալիս ճշմարտությունը, և պարզվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, փաստորեն, հեչ էլ կապիտուլյացիայի մասին չէր»։


Ծովինար Վարդանյանի հետ զրուցել ենք նաև խաղաղությանը «տեր կանգնելու» մասին վարչապետի կոչի, ՔՊ-ի վարկանիշի անկման մասին ընդդիմության պնդումների, ներկուսակցական  քարոզարշավից ստացած իր՝ պատգամավորի  տպավորությունների և  այլ հարակից թեմաներից։

 

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։