Եթե Գրանադայում ընդունված փաստաթղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես կասեի՝ հավականությունը, որ մենք մինչեւ տարեվերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր՝ 70 տոկոսից ավելի բարձր է․Վարչապետ
Կարծում եմ՝  այս իրադրությունում ինչքան քիչ մակդիրներ գործածենք եւ կենտրոնանանք հայտարարության բովանդակության եւ նրբությունների վրա, այնքան ճիշտ կլինի։  Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ առարկայական առումով ի՞նչ տվեց մեզ օրերս Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումը, որը ընդդիմությունը այլ կերպ է մեկնաբանում, իշխանությունը՝ այլ կերպ։ «Բացարձակ իդեալական վիճակներ, ցավոք, չկան եւ չեն կարող լինել»,-նկատեց Փաշինյանն ու ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ Դուք գնացիք, եթե Ադրբեջանի նախագահ Ալիեւը չէր գալու՝ արձագանքեց․

«Դա պարզ կլինի Ձեր առաջին հարցի պատասխանից՝ ինչ տվեց մեզ Գրանադան։ Գրանադան մեզ տվեց երկու շատ կարեւոր հայտարարություն։ Առաջինը՝ քառակողմ հայտարարությունն է՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Եվրամիության խորհրդի նախագահ Միշելի մասնակցությամբ, եւ երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Սրանով ի՞նչ արձանագրվեց։ Չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարեւոր արձանագրում է, որ Եվրամիությունում ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնկրետ  կոնսենսուս, քանի որ ԵՄ-ի երկու սյուները՝ ԵՄ խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը։ Հաջորդը՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեց, թե  մեր եւ ԵՄ-ի տեսակետից որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները։

Այդ հենասյուներից մեկը ՀՀ-ի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ տարածքների չափերի ընդգծումով, երկրորդը, որ սահմանների դելմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ նաեւ համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների վրա։ Եւ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության ներքո։

Եւ նաեւ այն, որ արձանագրվեց, դատապարտվեց  ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, բռնի տեղահանումը ԼՂ-ի ժողովրդի, արձանագրվեց ԵՄ-ի եւ նաեւ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ-ին այս գործընթացը՝ հումանիտար իրավիճակը, կառավարելու առումով։ Արձանագրեվց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան՝ առանց նախապայմանների, եւ նրանց այս իրավունքը պետք է պաշտպանվի, արձանագրվեց նաեւ, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, ՀՀ-ն կցանկանա, կամ՝ այնքան, ինչքան համապատասխան է ՀՀ-ի կարիքներին»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ սրանք առավելություններն են, իսկ որո՞նք են թերությունները կամ բացը։ «Բացն այն է, որ մասնավորապես առաջին հայտարարությունը քառակողմ է, եւ ոչ թե՝ հնգակողմ։ Այսինքն, եթե այն ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լիներ հնգակողմ, բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունը այդ փաստաթղթի ներքո, իհարկե, թերություններից է։ Որովհետեւ եթե, օրինակ, այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավականությունը, որ մենք  մինչեւ տարեվերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր՝ 70 տոկոսից ավելի բարձր է»,-նշեց Փաշինյանը։