Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:


ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։


Մարտի 14-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ:

Քուվեյթում այդ ընթացքում նրանց գիշերակացն ու սնունդն ամբողջությամբ հոգացել է քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերությունը, որը նաև կազմակերպել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը:


Մարտի 17-18-ը Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։


Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։


Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը:


ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը պլանավորում է վերադառնալ ՀՀ և 5-ը նախընտրել է չլքել Քուվեյթը։


Քննարկումներ են ընթանում քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերության հետ՝ Սաուդյան Արաբիա-Թբիլիսի չվերթն իրականացնելու նպատակով։