ԱՄՆ-ն, Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի նման, թաքցնում է Իրանում իր կորուստների իրական մասշտաբները։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին գրել է X սոցիալական ցանցի իր հաշվում։
«Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես գեներալ Ուիլյամ Ուեսթմորլենդին հետ կանչեցին Ամերիկա՝ բոլորին համոզելու համար, թե իբր պատերազմը հաջող է ընթանում, մինչդեռ Վիետնամում զոհվում էին հարյուրավոր ամերիկացի զինվորներ, և պատերազմի ելքն արդեն ակնհայտ էր», — նշել է Արաղչին։
Շարունակելով Իրանի շուրջ ընթացող ներկայիս պատերազմի թեման՝ Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այժմ էլ օգտագործում է նույն մարտավարությունը.
«Հենց այն պահին, երբ ամերիկյան իշխանությունները հայտարարում են, թե իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացված են, մենք խոցում ենք F-35։ Երբ նրանք հայտարարում են, թե իրանական նավատորմը ոչնչացված է, USS Gerald Ford-ը հետ է վերադառնում, իսկ USS Abraham Lincoln-ն էլ ավելի հեռու է քաշվում»։
Եզրափակելով՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ թեև տասնամյակները փոխվել են, սցենարը մնում է նույնը, և ԱՄՆ-ն կրկին իրեն հաղթող է հռչակում։