Ի՞նչ կատարվեց Արցախում։ Հնարավո՞ր էր այն, թեկուզ Ադրբեջանի կազմում, սակայն պահել հայկական։ Civic.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։
Վերջինիս կարծիքով՝ ԼՂ-ում կատարված իշխանափոխությունն արագացրեց գործընթացը, սակայն հնարավոր չէ միանշանակ պնդել, որ երաշխավորված էր Արցախի բնակչության՝ այնտեղ մնալն այն պարագայում, երբ ԼՂ-ում էին ռուս խաղաղապահները։ «Ռուսաստանն, ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ շատ ավելի շատ տալ-առնելիքներ ուներ, որը սկսվել է 2010 թվականից։ ՌԴ-ն տորպեդահարում էր խաղաղության գործընթացը», - ասաց Խուրշուդյանը։
Վերջինս պնդեց, որ Կազանում, 2011 թվականին, վերջին պահին, Լավրովը արդեն կազմված փաստաթղթում հայամետ փոփոխություններ է կատարել՝ հասկանալով, որ Ալիևը հակադրվելու է դրան, որից հետո էլ Ալիևը իր 10 կետանոց փոփոխություններն է առաջարկում։
Ըստ Խուրշուդյանի՝ Լավրովը սա արել է, հասկանալով, որ Ալիևը այդ փաստաթուղթը չի ստորագրի։ Այս մասին ռուսաստանցի համանախագահ Պոպոը, ինչպես նշեց Խուրշուդյանը, անձնական զրույցում անկեղծացել է իր ամերիկացի գործընկերոջ հետ, երբ վերջինիս հարցին ի պատասխան, թե ՌԴ-ն համաձա՞յն է, որ այդ փաստաթուղթն այդ տարբերակով ստորագրվի, ասել է՝ ոչ։
Խուրշուդյանի կարծիքով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը կարող էր կրկին հանգեցնել արցախցիների՝ իրենց տներից դուրս գալուն, բայց ավելի փափուկ մեթոդներով՝ առանց զոհերի։
«Ասել, որ հնարավոր էր ինչ-որ բան անել՝ այն դեպքում, երբ այնտեղ էին ռուսական զորքերը՝ հնարավոր չէր։ Հիմա, երբ Արցախի բնակչությունը արտագաղթել է, ավելի մեծ հավանականություն կա ինչ-որ բան ստանալ՝ միջազգային հանրության ճնշման տակ»։
Ըստ Խուրշուդյանի՝ Արևմուտքին ձեռնտու չէ կոնֆլիկտը այսպես փակել, քանի որ դա նախադեպ կարող է հանդիսանալ։
Ի՞նչ քննարկվեց Եվլախում կայացած երեք երկկողմ հանդիպումների ընթացքում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիցների միջև, եթե անգամ Արցախի ռազմաքաղաքական էլիտան չկարողացավ անվտանգ դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։
«Արցախը 100-ավոր ծանր զինտեխնիկա ունեցող ռազմաքաղաքական միավոր էր, և եթե դիմադրող ղեկավարություն ունենար, այլ ոչ ռուսական հրահանգներ կատարող, չեմ ասում, թե կարող էր հաղթել, բայց Ադրբեջանն ավելի մեծ զիջումների պատրաստ կլիներ՝ հանուն զինաթափման։ Իրենք հասկանում էին, որ եթե շարունակվի, ապա էդ 200 զոհը, որ տվեց Ադրբեջանը, կարող էր հազարի հասնել, բայց քանի որ իրենք ունեին ռուսական գործակալներ՝ ի դեմս Արցախի իշխանությունների, որոնք կարողացել էին հեղաշրջման արդյունքում ստանալ, ղեկավարությունը հրահանգեց կանգնել, զինաթափեց սեփական ժողովրդին, հանձնեց ամեն ինչը Ադրբեջանին մի բանի դիմաց՝ որ կոնկրետ իրեն ու իր մի քանի մտերիմներին թույլ տան, որ փախնի։ Եվ այդ մարտերի ընթացքում, ոչ ոքի մոտ հարց չառաջացա՞վ ինչու՞ Արցախի զինված ուժերը չխոցեցին այդ չարաբաստիկ անցակետը՝ Լաչինի միջանցքը։ Ինչու՞ չփորձեցին բացել այդ միջանցքը՝ եթե իրենք պատրաստ էին դիմադրել, թե՞ իրենց համար էլ էր դա թատրոն, որ մի օր կրակեն, մի քանի արցախահայեր զոհվեն, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, մարդիկ կսարսափեն, չեմն ուզի մնալ։ Դա բավարար էր՝ շոուի այդ մասը շահրամանյանների ձեքով կատարեցին», - տարակուսեց Խուրշուդյանը։
Անդրադառնալով խաղաղապահների գործունեությանը՝ Խուրշուդյանը նկատեց, որ նրանք ոչ թե խաղաղապահներ են եղել, այլ մոնիթորինգ իրականացնողներ։ Այդ դեպքում ինչի՞ համար էին ռուսական ՀՕՊ միջոցները, որոնք ռուսները իրենց հետ տարել էին Արցախ։
Ինչու՞ խաղաղապահները չապահովեցին ԼՂ ռազմաքաղաքական էլիտայի՝ ապահով դուրսբերումը Ղարաբաղից։
Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կարող է կիրառել Հայաստանի նկատմամբ նաև այն դեպքում, եթե ՀՀ-ն դուրս չգա ՀԱՊԿ-ից։ Իր կարծիքով դա կարող են անել ձմռանը՝ ծանր պահին կոլապսի ենթարկելով երկիրը։ «Ակնհայտ չէ՞, որ նրանք այդ 5-րդ շարասյանը պահում են, որ երկիրը ներսից պայթեցնեն։ Իրենք, իհարկե հաջողության չեն հասնի։ Իրենք միշտ էլ սխալ հաշվարկ են արել։ Նույն՝ Արցախը հանձնելով նպատակ ունեին, որ Հայաստանում ապստամբություն կլիներ, իշխանափոխություն կլիներ և մենք կդառնայինք գուբենիա։ Իրենք 2020-ին, որ մեզ պարտության տարան նպատակը ո՞րն էր, որ ՀՀ-ն պարտվեր, Հայաստանում իշխանությունը փոխեին՝ պրծնեին․ Հայաստանը Ռուսաստանին մնար, Արցախը՝ Ադրբեջանին»։
Գրանադայում ստորագրված հայտարարությանն անդրադառնալով Խուրշուդյանը նկատեց․ «ինչու՞, եթե դա նպաստավոր է Ադրբեջանի համար և դեմ հայկական շահերին, Ալիևը չեկավ և չստորագրեց։ Ակնահյտ է, որ Ադրբեջանը՝ պնդելով անկլավները չփոխանակել, ստեղծելու է նոր կոնֆլիկտային գոտի, որը դեստրուկտիվ մոտեցում է և չի կարողանալաու այդ մոտեցմամբ ներկայացնել Արևմուտքին։ Դա պատերազմի գնացող մոտեցում է», - ասաց Խուրշուդյանն ու հիշեցրեց, որ Շարլ Միշելի հետ զրույցներից մեկում Ալիևը համաձայնել է, որ անկլավները պետք է փոխանակվեն՝ միաժամանակ նշելով, որ դա ոչ թե Ադրբեջանի պաշտոնական՝ այլ Ալիևի մասնավոր դիրքորոշումն է։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան