Համատեղ
հայտարարությունը, որ ընդունվել է Էր Ռիադում արաբական և իսլամական երկրների
արտաքին գործերի նախարարների խորհրդակցական հանդիպման արդյունքներով, պարունակում
է Իրանի վերջին հարձակումների կոշտ գնահատական և սահմանում է մասնակիցների դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության առանցքային հարցերի շուրջ։
Հանդիպմանը
մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի,
Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի և Արաբական Միացյալ
Էմիրությունների ներկայացուցիչները։
Հանդիպման
մասնակիցները խստորեն դատապարտել են Իրանի հրթիռային և դրոնային հարվածները տարածաշրջանի
երկրների դեմ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումներից տուժել են
բնակելի թաղամասեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, նավթի և ջրային ոլորտի օբյեկտներ,
օդանավակայաններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելություններ։
Նախարարները
հայտարարել են, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել որևէ դեպքում:
Փաստաթղթում նաև հաստատվում է պետությունների ինքնապաշտպանության իրավունքը՝
համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
Կողմերը
Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել հարձակումները և հետևել միջազգային
իրավունքի նորմերին, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքներին: Նշվել է, որ
Թեհրանի հետ հարաբերությունների ապագան կախված կլինի նրա՝ պետությունների
ինքնիշխանությունը հարգելու և նրանց ներքին գործերին չմիջամտելու պատրաստակամությունից:
Հայտարարության
մեջ ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 (2026) բանաձևի կատարման և
բոլոր թշնամական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը: Մասնակիցները
նաև մերժել են Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում միջազգային նավագնացության նկատմամբ
ցանկացած սպառնալիք: