ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի տեղակալը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաթարում է մատակարարման շղթաները և կարող է ևս 45 միլիոն մարդու սուր սովի մատնել, եթե պատերազմը տևի մինչև հունիս։ Այժմ աշխարհում սովից տառապում է 319 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Սա համաշխարհային սովի մակարդակը կբարձրացնի բոլոր ժամանակների համար ռեկորդային մակարդակի։ Եվ սա սարսափելի, զարհուրելի հեռանկար է», - Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալ Կառլ Սկաուն։
Սննդի և վառելիքի գների կտրուկ աճը կարող է միլիոնավոր ընտանիքների զրկել սննդի կայուն հասանելիությունից, հատկապես Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան երկրներում և Ասիայում։ Ըստ պաշտոնյայի՝ ՊՀԾ-ն կարող է «հայտնվել ամենալուրջ խափանումների շեմին կորոնավիրուսի համավարակից և 2022 թվականի Ուկրաինայի պատերազմից ի վեր»։