Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները. մրցանակները հանձնել է վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։


Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Մինչ միջոցառման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման ոլորտի տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Ներկայացվել է, որ ParlOur-ը COPA-ի մշակած բաց կոդով գործիքի նպատակն է մեկ հարթակում հավաքելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովների նիստերը, քվեարկությունները և այլ խորհրդարանական բովանդակություն։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին թեմատիկ որոնման միջոցով հասկանալ, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպես է քվեարկել տարբեր հարցերի շուրջ։ Գործիքը ստեղծվել է՝ խորհրդարանական գործընթացներն ավելի թափանցիկ, հասանելի և վերլուծելի դարձնելու համար։ Այն միտված է ուժեղացնելու քաղաքացիների իրազեկված մասնակցությունը և տվյալահեն հանրային վերահսկողությունը քաղաքական որոշումների նկատմամբ։


Մրցանակաբաշխության արարողությանն ընդառաջ վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում և նշել․ «Նախ կարծում եմ՝ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակը։ Երևի, թե տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չէ և ամեն տեղ չէ, որ ընկալված է. որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես՝ որևէ բան ավելի լավ դարձնելու համար կա մի գործիք՝ դա լրացուցիչ ներդրումներն են այդ ոլորտում»:


Հաջորդիվ՝ տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն են՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:


Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է վերոնշյալ անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: