Ովքե՞ր և ինչպե՞ս են Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտելու
փորձեր անում։
«Արտաքին
հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ
երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում
գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ
զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ
իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին
նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
Նրա խոսքով՝ սա անվերջ պրոցես
է, մինչև մի օր այդ դրսի արտաքին կազմակերպիչը կազմակերպական ու քաղաքական ձևով քիթ-մռութին
չստանա։
«Մեր պարագայում սա այն տարբերակն
է, երբ ասում են՝ դռնից դուրս ես գցում, պատուհանից է ներս մտնում, պատուհանից դուրս
գցես՝ դռնով ներս կգա։ Եվ դա Ռուսաստանն է։ Տարօրինակը գիտեք որն է. ինքը էն խորքով
է գնում անկում, որ դժվար է պատկերացնել վերականգնումը։ Բայց իրենք բնազդով շարունակում
են Հայաստանի դեմ պայքարը։ Հիմա, քանի որ ռեսուրս էլ չունեն, Ռուսաստանից հավաքում
են, և ոչ միայն՝ հավաքում են նաև Ռուսաստանին բարեկամ եվրոպական երկրներից. խոսքը ԿԳԲ-ի
մասին է։ Ինքը օգտագործում է բոլոր հնարավորությունները, ինչքան անգիտակից զանգված
կա, ինչքան փալաս կա, որովհետև մեզ մոտ դարերով էդ փալասը կա, հակապետական, վախկոտ,
անկախությունից բնազդաբար վախ ունեցողների»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Խոսելով գործարարների ներգրավվածության մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ Կրեմլը մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, գործուղեց Բաքվի բանտ, մյուսին՝ Սամվել Կարապետյանին, Երևանի բանտ, թեև Երևանի բանտում նրա համար իհարկե ավելի լավ է, որտեղից ինչ-որ ճառեր է ասում, ղեկավարում է, թեկնածու է դառնում, բայց ինչի թեկնածու է՝ հասկանալի չէ, որովհետև իրավունքներ չունի։
«Ռուսաստանն ի վիճակի՞ է Հայաստանում
իշխանություն փոխելու, ո՛չ, բացառված է։ Բայց
Մոսկվայի համար ի՞նչն է կարևոր, Մոսկվայի հետ ներհայկական հակասությունները և սրացումներն
են, և այդ իմաստով դա կոչվում է կոնֆլիկտի արտաքին կառավարում։ Հիմա հայությունը բաժանված
է երկու մասի՝ ռսաստրուկ, ահռելի մի տգետ զանգված և շահառու զանգված, քրեական հետապնդման
տակ գտնվող զանգված, Արցախը հանձնողների զանգված, և երկրորդը՝ նրանք, ովքեր Հայաստան
են ուզում, որոնց մեջ միշտ էլ վառ է եղել իրենց հազարամյա հայրենիքի, պետության ուժը,
և որոնք համառորեն պետություն են ստեղծում։ Եվ երկուսի միջև էլ հակասությունը սփյուռք է գնացել, շատ հաճախ թշնամուց վատ
են իրար վերաբերվում։ ՀՀ իշխանությունը լինում է Վաշինգտոնում, և այնտեղ ինչ-որ բանդաներ
խանգարում են իշխանությանը»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ վերջերս
հաճախ է քննարկվում, որ իբր հատկապես ՌԴ-ից
քաղաքացիներ են բերում, որպեսզի քվեարկությանը մասնակցեն, ինչի մասին խոսում են թե
իշխանությունները, թե Սփյուռքում, Լևոն Շիրինյանն ասաց, որ ինքն այդ մարդկանց կոչ է
անում փողը վերցնել, ուտել-խմել և քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության
և իրենց բարեկամ կուսակցությունների օգտին։
«Փողը կվերցնես, գիտես, որ դա
քո դեմ և քեզ ստրկացնելու փողն է, դեմ քվեարկի, հենց Սամվելին դեմ քվեարկի ու վերջ,
թող սնանկանան լրիվ։ Նա սնանկացման գործընթացի մեջ է։ Ոչ էդ փողերն ունի, ոչ կարողությունը,
ոչ էլ երևի հավեսը»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան