Իրանից եմ եկել, պետք է ավելի շատ մտահոգվեի, իսկ ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ի կեսը չլինի, միայն իրենք լինեն ղեկավար

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, ով օրերս է եկել Թեհրանից, Civic.am-ի տաղավարում անդրադարձավ ընդդիմության այն քննադատություններին, թե հարևան երկրում պատերազմ է, իսկ իշխանություններն անգործության են մատնված: «Ընդդիմությունը պետությունն ամրապնդելու, երկիրը հզորացնելու և ոչ քանդելու համար է։ 30 տարի երկիրն իրենց ձեռքն էր, բանակը չեն զինել․․․ ես այդ երկրից եմ գալիս, ավելի շատ պետք է մտահոգվեի, իսկ այդ մարդիկ հեռվից հայտարարություններ են անում ու ծիծաղ առաջացնում»,- ասաց նա:


Քեշիշյանի խոսքով՝ Իրանի դեսպանն արդեն իսկ շնորհակալություն է  հայտնել ՀՀ իշխանություններին. «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ մտահոգություն են հայտնել պատերազմի համար, շնորհավորել նոր գերագույն առաջնորդին։ Այսինքն՝ արել են այն, ինչ պետք է աներ բարեկամ երկիրը, չեմ կարծում՝ դրանից ավելին սպասվում է»։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները թեկուզ ուշացած, բայց զարգացման պոտենցիալ ունեն. «Հարաբերությունները կարելի է ավելի աշխուժացնել, մաքսային կետերը հզորացնել։ Հայաստանյան հայտարարությունները վկայում են, որ նույնիսկ հումանիտար օգնության են պատրաստ, թեպետ այս պահին Իրանում դրա կարիքը չկա»։


Ո՞րն է հայաստանյան ընդդիմության ակնկալիքը, Հայաստանը ներքաշել պատերազմի մե՞ջ: «Ընդդիմությունն ամեն քայլ անում է՝ հիմնված նրա վրա, որ ինչ-որ կերպ Հայաստանի իշխանություններին և այսօր նաև պետականությանը հարվածեն։ Սա քայքայիչ, պետությունը քանդող քայլ է։ Սրանց ցանկությունն այն է, որ Հայաստանի կեսը չլինի՝ իրենք լինեն ղեկավար։ Ո՞վ է տեսել ուրիշ պետության լացը լացես՝ սեփական հարցերը թողած»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան