Իրանն այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն չի տեսնում․ պաշտոնյա

Իրանն այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն չի տեսնում, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ մոլորության մեջ է գցել Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի խորհրդական Քամալ Խարազին։


«Ես այլևս դիվանագիտության համար տարածք չեմ տեսնում, որովհետև (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները։ Մենք դրան բախվել ենք արդեն երկու անգամ», — ասել է նա։


Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ «տնտեսական ճնշումն աճի այն աստիճան, որ այլ երկրներ միջամտեն՝ ապահովելու ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումը Իրանի դեմ»։


Հիշեցնենք, որ տարածաշրջանում ընթանում է լայնամասշտաբ ռազմական բախում. ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով հանրապետության քաղաքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով օբյեկտներ Իսրայելում։  Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։