Սամվել Կարապետյանը «Պանդորայի արկղ» է․ բացելու են ու ապշեն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը անլուրջ ու անադեկվատ է որակում ընդդիմության՝ կառավարող ուժին ուղղված քննադատությունը, թե՝ տարածաշրջանում, հարևան Իրանում  պատերազմ է,  իսկ ՔՊ-ն ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում՝ անադեկվատ վարքագիծ ցուցաբերելով մեր հարևան երկրում տեղի ունեցողին։ «90-ական թվականներից հետո Հայաստանը հիմա խաղաղության մեջ է, մեր ժողովուրդը վայելում է այդ խաղաղությունը, և մեր երկրի ղեկավարը վստահ է հաստատված խաղաղության հետ կապված։  Մենք էլ  տանում ենք մեր աշխատանքը՝ փորձում ենք ժողովրդի հետ շփվել, իմանալ նրա վերաբերմունքը այս ընթացքում արված աշխատանքների վերաբերյալ։ Մինչդեռ ընդդիմություն կոչվածն ասում է՝ այն, ինչը արել է մեր կառավարությունը՝ իրականացված տարբեր խոստումների, ծրագրերի տեսքով, հունիսի ընտրությունների քարոզարշավի տրամաբանության մեջ է։ Սա է անադեկվատությունը։  Մինչդեռ մենք այս ընթացքում բազմաթիվ օրենքներ ենք ընդունել, որոնք բխում են մեր կառավարության 2021 թվականի ծրագրից։ Վերցնենք, օրինակ, ծառայության մասով մենք կրճատեցինք զինված ուժերում ծառայությունը 6 ամսով, ինչը հստակ նշված էր Կառավարության 2021 թ. ծրագրում։ Բազմաթիվ են օրինակները՝ պաշտպանությունից մինչև կրթություն, առողջապահություն։ Մեր կառավարությունն անում է ամեն բան հանուն մեր ժողովրդի լավ, բարեկեցիկ, ապահով ու խաղաղ կյանքի։ Իսկ ընդդիմությունը այսօրվա դրությամբ չունի օրակարգ»։   


Մեհրաբյանի խոսքով՝ ընդդիմությունը չունի ասելիք ու անելիք, ստեղծել է ֆեյք միջավայր, որտեղ գործում է, «լայքում» ինքն իրեն և ուշադրությունը լարած՝ սպասում է, որ ինչ-որ վատ բան տեղի ունենա Հայաստանում կամ դրա շուրջը, օրինակ՝ սահմանին լարվածություն, որպեսզի դրանցով «սնվի» ու օրակարգ դարձնի։  «Տարածաշրջանում, ֆիքսենք, լարված իրավիճակ է, բայց Հայաստանի կառավարությունն իրավիճակը շատ սթափ գնահատում ու հասկանում է, և մենք անելիք չունենք։ Գնանք, ո՞ւմ հետ պատերազմենք»։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը տասնամյակներ շարունակ որևէ նշանակալի բան չի արել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության, իսկ այսօր այդ որորտը զարգանում է ու տնտեսության կարևոր ճյուղերից է։ Մեհրաբյանը համոզված է՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին ընտրելու է բարեկեցիկ կյանքը, խաղաղությունը և «ոչ» է  ասելու պատերազմ տենչացող, բացասական տարրերին։  


Մեհրաբյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր թևում ձևավորվող նախընտրական բևեռներին և ի պատասխան առաջին նախագահ ԼՏեր-Պետրոսյանի կոչի՝ համախմբվել ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի շուրջը, նկատեց՝ Տեր-Պետրոսյանը չի՞ հասկանում, որ Կարապետյանը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ Ինչպե՞ս կարելի է համախմբման առանցք դիտարկել մեկին, որը  խնդիր ունի ՀՀ Սահմանադրության հետ և իրավունք չունի առաջադրվելու ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու՝ հարցադրում է անում մեր զրուցակիցը և հավելում՝ առաջարկ անողը խնդիրներ ունի։

Արտյոմ Մեհրաբյանի հետ զրույցի այլ ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։   


Հեղինե Մանուկյան